Այսօր վերսկսել են որոնողական աշխատանքները Հադրութի, Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջաններում
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ծառայության փրկարարական ջոկատները երկօրյա դադարից հետո այսօր վերսկսել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների, միաժամանակ անհետ կորածների փրկարար-որոնողական աշխատանքները:
Փրկարարական 5 ջոկատով որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրական (Ջաբրաիլ) շրջաններում:
Աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատները:
Նշենք, որ հայկական կողմը որոշոնաղական աշխատանքները դադարեցրել էր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում Ադրբեջանի կողմից կատարվող տարաբնույթ աշխատանքների պատճառով։
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ օրս որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 1355 աճյուն: Նախնական տվյալներով, դրանցից 15-ը՝ քաղաքացիական անձինք են: