Դավիթ Չալոյանը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին և մտավ եզրափակիչ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր անցկացվում են կիսաեզրափակիչ մարտերը:
Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը փառահեղ հաղթանակ տարավ բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում՝ ապահովելով առնվազն փոխչեմպիոնի տիտղոսը։
+92 կգ քաշային կարգում Դավիթ Չալոյանը մենամարտեց երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, ադրբեջանցի Մահամմադ Աբդուլաեւի հետ եւ բացահայտ առավելությամբ հաղթեց 5։0 հաշվով։
Երեք ռաունդներում էլ հայ բռնցքամարտիկը վստահ հաղթանակ տարավ Աբդուլաեւի նկատմամբ:
Նոյեմբերի 5-ին, եզրափակիչում Դավիթ Չալոյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Մարկ Պետրովսկին։
Այսօր երեկոյան հանդես կգա Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեր բրոնզե մեդալակիր 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: