Երևան-Ստամբուլ չվերթեր իրականացնելու համար հայտ է ներկայացրել «FlyՕne Armenia»-ն
ՀՀ քաղաքացական ավիացիայի կոմիտեն «FlyՕne Armenia»-ից հայտ է ստացել Երևան-Ստամբուլ ուղղությամբ չարտերային չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:
«Դեկտեմբերի 23-ի երեկոյան քաղավիացիայի կոմիտեն հայտ է ստացել «Flyօne Armenia» ընկերության կողմից շաբաթական 3 չվերթ իրականացնելու առնչությամբ: Քաղավիացիայի կոմիտեն ուսումնասիրում է ներկայացված հայտը. ողջամիտ ժամկետներում որոշում կայացնելուց հետո այն կհրապարակվի»,- ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանելու դեպքում, ըստ էության, հայտը կբավարարվի։
Միաժամանակ Հարությունյանը նշեց, որ ՏԿԵ-ն իր լիազորությունների շրջանակում որևէ խոչընդոտ չի տեսնում չվերթերի վերսկսման համար, քանի որ նախարարության նպատակներից մեկն էլ օդային ուղիների աշխարհագրությունն ընդլայնելն ու ուղևորահոսքի ավելացումն է։
Հիշեցնենք՝ հայկական FlyOne ավիաընկերությունը չեղարկել է դեկտեմբերի 20-ից հունվարի 31-ի բոլոր չվերթերը դեպի Ռուսաստան։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ըստ «Հետք»-ի՝ «FlyՕne Armenia»»-ի 54 %-ը պատկանում է ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին, սակայն թղթի վրա հանդես են գալիս Սուքիասյաններին փոխկապակցված անձինք, իսկ մնացած 46 %-ի տերը մոլդովական «Fly One» ավիաընկերությունն է, որը պատկանում է այդ երկրի 2 նախկին պաշտոնյաների ընտանիքների։