Երևանի քաղաքապետարանն արձագանքել է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրադարձել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը՝ կապված Աբովյան 5 հասցեում գտնվող հյուրանոցի շինարարության հետ:
«Մուտլի գրուպ» ընկերության կողմից Երևանի Աբովյան 5/1 հասցեում իրականացվող շինարարության օրինականությունը 2018-ի փետրվարին դատարանում վիճարկել է հարևան շինության սեփականատերը: Հայցը դատարում վարույթ է ընդունվել 2018 թվականի փետրվարի 19-ին: Այդ պահից սկսած շինարարության աշխատանքները կասեցվել են օրենքի ուժով: «Շինարարության աշխատանքերի վերսկսմանը վերաբերող հարցերի քննարկմանը հնարավոր կլինի անդրադառնալ դատարանի՝ ուժի մեջ մտած վճռի պարագայում», ֆեյսբուքյան իր էջում գրել է մամուլի խոսնակը:
Նախօրեին Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե քաղաքապետը «պրոբլեմ է ստեղծում» Աբովյան 5 հասցեում հյուրանոցի շինարարություն համար։