Երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Մալաթիա քաղաքում 2 հայ է զոհվել.
Թուրքիայի Մալաթիայի տեղաբնակ հայերից բնակարանի փլվելու հետևանքով ամուսիններ են զոհվել։
«Տեղաբնակ հայերից բնակարանի փլվելու հետևանքով ամուսիններ են զոհվել։ Անունները դեռևս հայտնի չեն, քանի որ հաղորդակցության խնդիրներ կան` հոսանքազրկումներ կան և հեռախոսները շատ ժամանակ չեն աշխատում», հայտնում է Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։
Էլազըգում (Խարբերդ) կան ավերված շենքերը,հայ համայնքի անդամները անհանգստացած են, սակայն մարդկային կորուստներ չկան։
Դիարբեքիրում Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու խորհրդի ղեկավար Օհաննես Գաֆուր Թուրքայը հայտնել է, որ ցնցումների հետևանքով եկեղեցին վնասված չէ, սակայն քաղաքում կան ավերված շենքեր։
Իսքենդերունում Տեր Ավետիս քահանայի հայտնած տեղեկության համաձայն՝ քաղաքի կենտրոնում ավերածություններ կան։ Լատին կաթոլիկ եղեկեցին հիմնահատակ ավերվել է։ Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցին ևս վնասվել է։ Մարդկային կորուստնի մասին տեղեկություններ չկան։
Թուրքիայի միակ հայկական գյուղից՝ Վաքըֆլից մտահոգող լուրեր այս պահին չկան։
Կեսարիայում, թեպետ ցնցումները զգացվել են, սակայն տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վնասված չէ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 2 հայ է զոհվել. մայր ու որդի, երկու հայ էլ վիրավորվել է։
Նշենք, որ Թուրքիայի հարավ-արևելյան Հաթայ նահանգում պայթյուն է որոտացել գազամուղ խողովակաշարում, որից հետո հրդեհ է բռնկվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թոփ-Բուղազի գյուղապետը նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել երկու գազամուղ խողովակաշարերում, որոնց հեռավորությունը կազմում է մոտավորապես 3 կմ։ Պայթյունից հետո սկսվել է հրդեհ, որը դեռ չի մեկուսացվել։
Նշվում է, որ պայթյունը այսօր Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքն է։