Ֆրանսիայի ԱԳՆ .Ֆրանսիան չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը
Ֆրանսիան չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Քննարկումների ժամանակ, որոնք նախորդել են Սենատում քվեարկությանը, զբոսաշրջության հարցերով պետական քարտուղար Ժան-Բատիստ Լեմուան հիշեցրել է այս հարցով Ֆրանսիայի իշխանության դիրքորոշումը․ Ֆրանսիան չի ճանաչի ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ։
Նա նաև ընդգծել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի պատասխանատվությունը բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելն է, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցով։ Այդ բանակցությունների ելքը չի կարող նախապես ու միակողմանի որոշվել։
«Այսօրվա մեր առաջնահերթությունը պետք է լինի վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած հակամարտության արդյունքում տեղահանված մարդկանց անվտանգ վերադարձն ապահովելը: Սենատին ուղղված իր ուղերձում պետքարտուղարը նաև նշել է, որ դեռ ոչ մի պետություն չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը», – հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը՝ 305 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկությանը մասնակցել է 336 սենատոր: