Freedom House. Հայաստանում ազատականացումը դրական է ազդել Ղարաբաղի վրա
Հայաստանում քաղաքական ազատականացումը եւ վարչապետ Փաշինյանի իշխանության գալը դրական ազդեցություն է թողել Լեռնային Ղարաբաղի վրա, նշված է անվանի Freedom House կազմակերպության Freedom in the World 2020 տարեկան զեկույցում: Ըստ զեկույցի, Ղարաբաղը վառ առանձնանում է Եվրասիայի տարածաշրջանի մյուս ինքնահռչակ տարածքներից:
Զեկույցում մասնավորապես նշված է, որ Ղարաբաղի տարածքում «ավելացել է մրցակցությունը եւ քաղհասարակության ակտիվությունը սեպտեմբերին նախատեսված տեղական ընտրություններին ընդառաջ. Հարթակ է ստեղծվել 2020-ին Լեռնային Ղարաբաղի նախագահի եւ խորհրդարանի ընտրություններում հավելյալ փոփոխությունների: Ցավոք, Եվրասիայի տարածաշրջանի այլ անջատված տարածքները, որոնք մնում են օկուպացված Ռուսաստանի զորքերի կողմից, մնացել են լճացած, այնտեղ քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների անկում է արձանագրվել»:
Ընդհանրապես, հիմնականում անազատ Եվրասիայի տարածաշրջանը մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների առումով «մռայլ պատկերի է հիշեցնում». Ռուսաստանում, Բելառուսում, Ուզբեկստանում իշխող ուժերի ճնշումների արդյունքում պահպանեցին իշխանությունը, Ղազախստանի ղեկավարը փոխանցեց իշխանությունն իր ընտրած իրավահաջորդին, իսկ Մոլդովայում սկսված բարեփոխումները կանգ են առել: Եվրասիայի միակ դրական տեղաշարժերը կապված են մասամբ ազատ երկրների ճանաչված Հայաստանի եւ Ուկրաինայի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Ոլոդիմիր Զելենսկու հետ, նշում է Freedom House կազմակերպությունը:
Ինչ վերաբերում է աշխարհի մյուս տարածաշրջաններին, ապա ընդհանուր առմամբ, զեկույցի համաձայն, 2020-ին աշխարհում ժողովրդավարությունը խոչընդոտների է հանդիպում. Հետընթաց են ապրել ոչ միայն ավտորիտար Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը, այլեւ ժողովրդավարության ավանդույթներ ունեցող մի շարք երկրներ: Անցած տասնամյակում խոշորագույն հետընթացն են ապրել Բուրունդին, Թուրքիան, Մալին, Վենեսուելան, Հունգարիան, Ադրբեջանը, Տաջիքստանը եւ տասնյակից ավելի այլ երկրներ: Ազատությունների մակարդակով վատագույն վիճակում են Սիրիան, Էրիտրեան, Հարավային Սուդանը, Թուքմենստանը եւ Հյուսիսային Կորեան: