Գերմանիայի փոխդեսպանը ցնցված է Ջերմուկի ավերածությունների պատկերներից
Հայաստանում Գերմանիայի նորանշանակ փոխդեսպան, ներկայում գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպն (Erik Tintrup) ասել է, որ ցնցված է ավերածությունների այն պատկերներից, որոնք տեսել է Ջերմուկում։
«Ջերմուկը գեղեցիկ բնության մեջ տեղակայված գեղատեսիլ, խաղաղ հանգստավայր է։ Երեքշաբթի այստեղ գերմանացի զբոսաշրջիկներ էլ կային։ Այն, որ բնակիչներից ոչ ոք չի զոհվել, գրեթե հրաշքի է նման, քանի որ հրետանային կրակոցները խփել են այս՝ սահմանից կիլոմետրեր հեռու գտնվող ռեստորանների և ճոպանուղու ուղղությամբ, ընդամենը մի քանի հարյուր մետր բնակելի շենքերից ու զբոսաշրջիկներով լի հյուրանոցներից հեռու»,-այցի ընթացքից իր տպավորություններն է հայտնում դիվանագետը։ Գերմանուհի զբոսաշրջիկն իր հյուրանոցի սենյակից կարողացել է լուսանկարել պայթյունները, այնքան մոտիկ են նրանք եղել դրանց։ «Ես չափազանց մտահոգ եմ։ Մենք ապրումակցում ենք հայ ժողովրդին»,-ամփոփում է Թինտրուպը։
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները երեկ մեկնել էին Ջերմուկուկ` ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին: