Գորիսի համայնքապետի ՀԱԿ թեկնածու Կարեն Լազարյանի կենսագրությունը
Նկատի ունենալով Սյունիքի շուրջ ծավալվող իրադարձությունները կուսակցության ուշադրության կենտրոնում պահելու և, ըստ այդմ, մարզում կուսակցության գործունեությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը, Սյունիքի և, մասնավորապես, Գորիս խոշորացված համայնքի զարգացման ծրագրերին Կոնգրեսի մասնակցության ապահովման կարևորությունը, վարչության որոշմամբ Հայ Ազգային Կոնգրեսը սեփական ցուցակով կմասնակցի Գորիս համայնքի ավագանու՝ հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին։
Կոնգրեսի ցուցակը կգլխավորի ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանը։
Լազարյանը ծնվել է 1979թ. նոյեմբերի 7-ին, Գորիս քաղաքում:
Գորիսի N 3 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 1996 թ., ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, որն ավարտել է 2000 թվականին՝ ստանալով Ֆիզիկական կուլտուրայի դասատուի եւ աթլետիկայի մարզչի որակավորում:
Այնուհետեւ զորակոչվել է բանակ եւ 2000-2002թթ. ծառայել Արմավիրում, Վայքում և Խաչիկում (պահեստազորի լեյտենանտ է):
Զորացրվելուց մեկ տարի անց, որպես ֆիզիկական կուլտուրայի դասախոս, աշխատանքի է անցել «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում:
2009թ. ապրիլի 14-ին մրցույթով ընտրվել է նույն քոլեջի տնօրեն, վերընտրվել՝ 2015թ. հոկտեմբերի 6-ին եւ 2021թ. մարտի 30-ին:
Աշխատանքին զուգահեռ 2010-2015թթ. սովորել է Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետի իրավագիտության բաժնում՝ ստանալով ուսուցչի, մանկավարժության բակալավրի աստիճան՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ:
2015-2018 թվականներին աշխատանքին զուգահեռ սովորել է Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայում՝ 2018թ. փետրվարի 2-ին ստանալով մագիստրոսի աստիճան՝ «Հայոց լեզու եւ գրականություն» մասնագիտությամբ:
2008թ. հոկտեմբերի 12-ին ընտրվել է Գորիս քաղաքի ավագանու անդամ:
2016թ. սեպտեմբերի 18-ին ընտրվել է նորակազմ Գորիս խոշորացված համայնքի ավագանու անդամ:
2014թ. ապրիլի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով, 2015թ. դեկտեմբերի 30-ին՝ պատվոգրով՝ «Մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած մասնագիտական առաջընթացի եւ ներդրած կազմակերպչական աշխատանքների համար», 2017թ. հունվարի 25-ին՝ «Վազգեն Սարգսյան» մեդալով:
2015թ. հունվարի 6-ին մեկ տարի ժամանակով ստանձնել է Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Խաչի քավորի» պարտականությունը:
Մասնակցել է Արցախյան երրորդ պատերազմի մարտական գործողություններին:
Կարեն Լազարյանն ամուսնացած է, ունի չորս զավակ: