Հացադուլ հայտարարած քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են պատժախուց
Հացադուլ հայտարարած քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են պատժախուց («կարցեր»), քանի որ ՔԿՀ-ում բացակայել է հացադուլ անցկացնելու համար նախատեսված մեկ այլ խուց։
Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։
Դատարանը 3 ամսով երկարացրեց «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը։
Դատարանի որոշումը լսելուց հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարեց, որ անժամկետ հացադուլ է սկսում՝ իրավական խայտառակությունը դադարեցնելու պահանջով։


