ՀԱՊԿ. Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարող է լրջորեն ապակայունանալ
Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում տիրող իրավիճակը կարող է լրջորեն ապակայունանալ։ Այս հայտարարությունն արել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը կազմակերպության շտաբում ղեկավար կազմի ընդլայնված խորհրդակցության ժամանակ։
Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը պահպանվում են:
ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը վերահաստատել է, որ կառույցը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման: Պաշտոնյան այդ մասին ասել է ՀԱՊԿ շտաբում ղեկավար կազմի ընդլայնված խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում:
«Ինչ վերաբերում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանին, ապա կազմակերպությունը մշտապես պատրաստ է ՀԱՊԿ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման ՝ ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման», - նշել Է Շուվալովը:
ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչը հավելել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է օգնության այլ միջոցներ տրամադրել:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը վերահաստատել է հայ ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու ծրագիրն իրականացնելու պատրաստակամությունը՝ Հայաստանի անվտանգությունն ապահովելու նպատակով։