Մոսկվան հաստատել է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ- ի առաքելության տեղակայման պատրաստակամությունը
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը վերահաստատել է հայ ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու ծրագիրն իրականացնելու պատրաստակամությունը՝ Հայաստանի անվտանգությունն ապահովելու նպատակով։
«Մեր կողմից վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պլաններն ի կատար ածել՝ ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման։ Մենք պատրաստ ենք այդ աշխատանքին ճիշտ նույն չափով, որքան ինքը՝ Հայաստանը», - RTVI-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Ռուսաստանի փոխարտգործնախարարը մեկնաբանել է նաև Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե ուզի-չուզի՝ ՀԱՊԿ-ը հեռանում է Հայաստանից, և դա անհանգստացնում է Երևանին։
Գալուզինի խոսքերով, Մոսկվան ակնկալում է, որ «ով որտեղից է գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և ՀԱՊԿ շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ Հայաստանում կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայման հարցը, կլուծվեն այս տարվա ընթացքում՝ կառուցողական և փոխշահավետ ձևով: