Հարութ Ուլոյան. Իշխանությունները փորձում են շանտաժի ենթարկել ՀԱԿ-ին
Իշխանությունների կոնկրետ սպասարկուներ, տաղավարից-տաղավար ընկած պահանջում են, որպեսզի քաղաքական ուժերը, իսկ ավելի կոնկրետ՝ Հայ ազգային կոնգրեսը վերաբերմունք արտահայտի շրջափակման վերացման գաղափարի, հայ-թուրքական հարաբերությունների, իսկ հիմա էլ Մարտի 1-ի գործի հիմնաքարը հանդիսացող ՍԴ-ի որոշման վերաբերյալ:
Իրավիճակն այս աստիճան զավեշտալի չէր լինի, եթե այս նույն մարդիկ թե' պատերազմից առաջ, թե' պատերազմի ընթացքում 24 ժամյա ռեժիմով ռազմական հակազդեցություն ու թուրքերին տարածաշրջանից դուրս շպրտելու թեզեր չքարոզեին: Իսկ Մարտի 1-ի գործի վերաբերյալ հնչող քննադատություններին ու դիտողություններին էլ պատասխանում էին «իշխանությունները գիտեն, թե ինչ են անում, ձեզ մեջ մի գցեք» տիպի հոխորտանքներով: Հիմա էլ ուրիշներից ու, ընդգծված կերպով, Կոնգրեսից պահանջում են կարծիք հայտնել տվյալ հարցերի վերաբերյալ: Մի բան էլ հեգնում են, թե «Կոնգրեսը մշտապես բարձարաձայնել է այդ խնդիրների մասին, իսկ հիմա լռում է»: Այս մարդիկ, ըստ էության, փորձում են քարոզել, որ արժանապատիվ հաշտեցման և պարտադրված նվաստացման միջև ոչ մի տարբերություն չկա:
Ո՞րն է այս մարդկանց, իրականում՝ իշխանությունների, բուն նպատակը: Մի բան. կորզել իրենց խայտառակ ֆիասկոյից ու կապիտուլյացիայից բխող պարտադրված հետևանքների պատասխանատվությունը: Շրջանցելով պատերազմի և ներկայիս իրավիճակի միջև պատճառահետևանքային կապերն ու հետին պլանում թողնելով իրենց դերը, իշխանությունները, ըստ էության, փորձում են շանտաժի ենթարկել քաղաքական ուժերին: «Եղել է այն, ինչ եղել: Ձեզնից պահանջվում է ուղղակի կամ անուղղակի կերպով աջակցել մեզ, եթե չեք ուզում խայտառակ իրավիճակում հայտնվենք: Մենք հեռացողը չենք». մոտավորապես սա է իշխանությունների բուն ասելիքը: