«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

«Հայաստանում չեն վստահում ռուսական հեռուստաալիքներին». ուսումնասիրություն

«Հայաստանում չեն վստահում ռուսական հեռուստաալիքներին». ուսումնասիրություն

Հայաստանում հեռուստատեսությունը շարունակում է մնալ բնակչության համար տեղեկատվության ստացման հիմնական աղբյուրներից մեկը։ Ընդ որում, Հայաստանում ամենատարածված հեռուստաալիքների թվում կան ռուսական պետական ալիքներ, որոնց, սակայն, հեռուստադիտողների քիչ մասն է վստահում։

Ինչպես ցույց են տալիս «Իրաքեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատվերով «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության կողմից իրականացված՝ ՀՀ մեդիայի սպառման և ապատեղեկացվածության մակարդակի ուսումնասիրության տվյալները, Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում իրականացված հարցման մասնակիցների 35․7 տոկոսը նշել է, որ իրենց համար հեռուստատեսությունը հանդիսանում է տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրը։ Այս ցուցանիշով, ըստ նույն հարցման արդյունքների, հեռուստատեսությունը Հայաստանում զիջում է միայն համացանցին (36.5%): Համեմատության համար նշենք, որ տեղեկատվություն ստանալու մյուս աղբյուրներից ամենահաճախ նշված տարբերակն ընտանիքի անդամներն են՝ ընդամենը 8․2 տոկոս։

Ըստ հարցման արդյունքների, որոնց մասնակցել է 18 տարին լրացած 1200 մարդ Հայաստանի բոլոր մարզերից, ամենանախընտրելի հեռուստաալիքները «Արմենիա TV»-ն և «Շանթն» են` 24.6-ական տոկոս։ Երրորդ տեղում Հանրային հեռուստաընկերությունն է (12.4%), իսկ ահա արդեն երրորդ և չորրորդ տեղերում ռուսական РТР և ОРТ պետական հեռուստաընկերություններն են՝ համապատասխանաբար 6․1 և 5․1 տոկոսներով։

Ուշագրավ է, որ ռուսական այս հեռուստաալիքները նախընտրում են նայել հիմնականում կանայք՝ 67․7 տոկոս РТР-ի և 73․4 տոկոս՝ ОРТ-ի դեպքում։

Ինչ վերաբերում է տարիքային խմբերին, ապա ռուսական այս երկու ալիքների հեռուստադիտողները հիմնականում 50 տարեկանից բարձր մարդիկ են։ Այսպես, РТР-ն ամենաշատ հեռուստադիտողներ ունի 56-65 տարեկանների խմբում՝ 25.7%, 23.4%՝ 65-ից բարձր խմբում և 16.2%՝ 46-55 խմբում։

Պատկերը բավական նման է նաև ОРТ-ի դեպքում։ Այստեղ 56-65 և 65-ից բարձր տարիքային խմբերում են հեռուստադիտողների 22․9-ական տոկոսները, սակայն նույնքան հեռուստադիտողներ կան նաև 36-45 տարեկանների խմբում։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ այս հեռուստաալիքը, ըստ հարցման արդյունքների, չունի դիտողներ 18-25 տարիքային խմբում (0%): РТР-ի դեպքում այս տարիքային խմբում ցուցանիշը 5․4 տոկոս է։

Չնայած նրան, որ այս ռուսական պետական հեռուստաալիքները բավական պահանջված են Հայաստանում, այնուամենայնիվ, մեդիայի սպառման և ապատեղեկացվածության մակարդակի ուսումնասիրության տվյալները ցույց են տալիս, որ դրանց վստահում են ավելի քիչ, քան դիտում են։

Այսպես, ըստ հարցման արդյունքների, ամենաշատը հայաստանցի հեռուստադիտողները վստահում են «Շանթ», «Արմենիա TV» և Հանրային հեռուստաընկերություններին, համապատասխանաբար՝ 26․6, 21․5 և 13․7 տոկոս։

Ռուսական РТР-ին՝ չնայած, որ այն նախընտրում է հարցման մասնակիցների 6․1 տոկոսը, վստահում է ընդամենը 2․7 տոկոսը։ ОРТ-ին՝ չնայած, որ այն նախընտրում է հարցվածների 5․1 տոկոսը, վստահում է 2․8 տոկոսը։ Այսինքն, այս հեռուստաալիքների դեպքում դրանց վստահում է շուրջ երկու անգամ ավելի քիչ մարդ, քան դիտողների ընդհանուր թիվը։ Համեմատության համար պետք է նշել, որ հայկական վերոնշյալ երեք հեռուստաալիքների՝ «Շանթ», «Արմենիա TV» և Հանրային հեռուստաընկերություն, դեպքում դրանց հեռուստադիտողների և վստահողների թվերը գրեթե նույնն են։

Կարող ենք արձանագրել, որ ռուսական պետական հեռուստաալիքները բավական մեծ տարածում ունեն Հայաստանում և իրենց դիտելիությամբ զիջում են միայն առաջատար հայկական հեռուստաընկերություններին, սակայն ռուսական ալիքների նկատմամբ վստահությունը շատ ավելի քիչ է, քան հայկականների, ամփոփում է  «Իրազեկ քաղաքացիների միավորումը»

Վահե Ղուկասյան