Քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրառում է հրապարակել երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից:
Նա մասնավորապես, նշել է. «Այս երեկո Հայաստանը և Ադրբեջանը հաստատում են իրենց նվիրվածությունը ՄԱԿ-ի Խարտիային և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որով փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:
Հայաստանը համաձայն է նպաստել Եվրամիության քաղաքացիական առաքելության իրականացմանը Ադրբեջանի հետ սահմանին, որը համաձայն է համագործակցել «Հանուն Կովկասում տևական խաղաղության» խորագրի ներքո»:
Այդ առաքելության նպատակն է, ըստ Ֆրանսիայի նախագահի, հաստատել վստահություն և նպաստ բերել սահմանային հանձնաժողովների աշխատանքին:
Նշենք՝ ախօրեին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով քառակողմ հայտարարություն է հրապարակվել.
- Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
- Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:
- Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:
- Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը: