ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երը հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ արտահերթ զեկույց
Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունները հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց՝ 2023թ հունվարի 13-ի դրությամբ նոր թարմացված տվյալներով։
Զեկույցում Պաշտպաններն անդրադարձել են Լաչինի միջանցքի խնդրին միջազգային կառույցների, գործիչների և մեդիայի արձագանքին, Լաչինի միջանցքը շրջափակելու վերաբերյալ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և հասարակային գործիչների կողմից սադրիչ հայտարարություններին, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից էթնիկ զտման շարունակական նշաններին, շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին, «Էկո-ակտիվիստների» ակցիայի կեղծ էությունը հիմնավորող նոր տվյալներին, ինչպես նաև Ադրբեջանի կառավարության հետ ճանապարհը ապօրինաբար փակած անձանց անմիջական կապերին:
Զեկույցում անդրադարձել են նաև բնակչության ազատ տեղաշարժի, բավարար կենսամակարդակի ապահովման, սննդի հասանելիության, առողջության պահպանման իրավունքներին, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումներին։
Զեկույցի տարբեր բաժիններում իրավունքների խախտումները վերլուծվել են ըստ միջազգային մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի սկզբունքների ու նորմերի։
Պաշտպանների հետևությունն է, որ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումն անհրաժեշտ է ի թիվս այլնի, էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության առավել հեռուն գնացող քայլերը կանխարգելելու համար։
Հաստատված պրակտիկայի համաձայն՝ զեկույցը կներկայացվի մարդու իրավունքների միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։