ՀՀ ՊՆ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել. վիճակը ծայրահեղ ծանր է
Հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ նմանատիպ դեպք եղել էր 2022 թվականի դեկտեմբերի 3-ին:
Լրացված.
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զինծառայող Ա.Ա-ի հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ֆեյսբուքի իր էջում գրում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
«2023թ. հունվարի 29-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ՊՆ ՌՈ Կապանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը, ըստ նախնական տվյալների, նույն մարտական դիրքում ծառայություն իրականացնող մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Ա.-ին ամրակցված ԱԿ-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց, ինչի արդյունքում վերջինս գլխի հատվածում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել բուժհաստատություն:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Իրականացվում են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է»։