Հունահայերի՝ Հայաստան ուղարկված օգնության կարևոր մասը տեղ չի հասել
Հունաստանի Հայ օգնության միությունը եւ Հայ կապույտ խաչ կազմակերպությունը վրդովված նամակ են գրել Հայաստանի մի շարք պետական կառույցների: Պարզվում է՝ 44-օրյա պատերազմի օրերին եւ դրանից հետո հունահայության հավաքած օգնության մի կարեւոր մասը տեղ չի հասել:
«Ալիք Մեդիա»-ն Հունաստանի Հայ օգնության միությունից տեղեկացավ, որ խոսքը 2020 թվականի դեկտեմբերի 12-ին եւ 2021-ի հունվարի 9-ին Հայաստան ուղարկված 15 պալլետ բեռի մասին է, որը հասցեագրված էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը (ԱԻՆ): Միությունը օրեր առաջ «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային պահեստներից մեկի պատասխանատուից է տեղեկացել, որ մեկ տարի առաջ ուղարկված օգնությունը դեռ մնում է օդանավակայանում, եւ որ ԱԻՆ-ը տեր չի կանգնում ուղարկվածին: Տեղեկացանք նաեւ, որ «Զվարթնոց»-ում 2020-ից եւ 2021-ից պահվող բեռները բժշկական սարքավորումներ են (սայլակներ, հենակներ եւ այլն) եւ մեծ քանակությամբ թանկարժեք դեղորայք:
Հունաստանի Հայ օգնության միությունից միաժամանակ տեղեկացնում են, որ 44-օրյա պատերազմի օրերին եւ հաջորդող չորս ամիսներին Արցախի մեր հայրենակիցներին եւ վիրավոր զինվորներին օգնելու նպատակով Հունաստանի հայկական համայնքում մարդասիրական օգնություն հավաքելու աննախադեպ արշավ էր ծավալվել, որին մասնակցել է ոչ միայն հայ, այլեւ հույն ժողովուրդը:
Հունահայ կազմակերպությունները նաեւ հայտնում են, որ մարդասիրական բեռներում հագուստը, ծածկոցներն ու վերմակները, խաղալիքներն ու այլ պիտույքներ, որ հասցեագրված էին Հայաստանի Հայ օգնության միությանը, միության ներկայացուցիչը նույն օրը, հավելյալ գումար վճարելով (ինչը, ի դեպ, նույնպես անընդունելի են համարում մարդասիրական օգնության դեպքում), ստացել է, իսկ բժշկական օգնությունը, նոր են պարզել, որ մնացել է «Զվարթնոց»-ում:
Հայաստանի արտաքին գործերի նախարարին, արտակարգ իրավիճակների նախարարին եւ Հունաստանում ՀՀ դեսպանին հասցեագրված նամակում Հունաստանի ՀՕՄ-ն ու Կապույտ խաչ կազմակերպությունները մասնավորապես գրել են.
«Ի հայտ եկած այս ամոթալի իրականությունը մեզ ավելի է վրդովեցնում, երբ նկատի ենք ունենում, որ հայ եւ հույն անհատներ եւ ընկերություններ արագ արձագանքել են մեր դիմումներին եւ տրամադրել թանկանոց իրեր եւ դեղորայք:
Օգնության հավաքագրումն ընթացել է Հունաստանում համավարակի սաստիկ օրերին, երբ առկա էր պետության կողմից սահմանված տեղաշարժվելու խիստ արգելքներ: Այս աշխատանքին լծված մեր միությունների կամավորները ջանք չխնայեցին եւ, յուրաքանչուրն իր վրա վերցնելով սահմանափակումները խախտելու դիմաց 300 եվրո տուգանքի հանգամանքը, շրջեցին ողջ Հունաստանով եւ հավաքեցին օգնությունը, որ այն ժամ առաջ հասնի հայրենիք:
Մեր բարեկամական հարաբերությունները հունական պետության հետ օգտագործելով՝ կարողացանք ապահովել զինվորական օդանավեր, որ ժամ առաջ մարդասիրական օգնություն հասնի Հայաստան:
Չենք ուզում նույնիսկ մտածել, թե ինչպիսի տպավորություն կարող է ստեղծվել հունական կառավարության եւ պետական շրջանակների մոտ, եթե նրանց հասնի անտարբերության պատճառով ստեղծված այս ամոթալի իրականության մասին լուրը:
Իսկ ամենակարեւոր կետն ու հարցականը մեզ համար այն է, թե ովքեր են այն հանցավոր մարդիկ, որոնք չշտապեցին օգնությունը ստանձնելու եւ բաժանելու կարիքավոր եւ վիրավոր հերոս զինծառայողներին, այլ, թաքնվելով դիվանակալական (բյուրոկրատական-խմբ.) տարբեր ձեւակերպումների հետեւում, մի ամբղջ տարի այն պահեցին «Զվարթնոց»-ի պահեստներում»:
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: