ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում 1998-ի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով
Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) նյութեր են նախապատրաստվում 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով: Այս մասին «Ազատությանը» հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իրականացվում է քննություն պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կողմից մատնանշված՝ Հոկտեմբերի 27-ի գործին առնչվող մանրամասների և Նաիրի Հունանյանի՝ Ազգային անվտանգության ծառայության գործակալ լինելու պնդման վերաբերյալ:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ տվյալ հարցերի շուրջ քննությունն իրականացնում է ՀՔԾ-ն:
Մինչդեռ ՀՔԾ մամուլի խոսնակը «Ազատությանը» փոխանցեց, որ ծառայությունում նյութեր են նախապատրաստվում 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով:
«Ինչ վերաբերում է բաց նամակում նշված մնացած հանգամանքներին, ապա դրանք մեր իրավասության շրջանակներում չեն», - ասաց Օհանջանյանը:
Հիշեցնենք, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակում Վահան Շիրխանյանը, մասնավորապես, գրել է․
«1998թ. 30-ը մարտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59 տոկոս և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73 տոկոս ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41 տոկոս՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով։ Եվ, իհարկե, խաբեցիր, ինչպես միշտ»:
Ավելին՝ սկզբնաղբյուրում