Հրազդան գետն աղտոտող ռեստորանները կպատժվեն
Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը Հրազդան գետի աղտոտման պատճառների ու հետեւանքների մասին խոսելիս ասել է, որ Հրազդանը Երեւան է հասնում արդեն իսկ որոշակիորեն աղտոտված,գրում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը:
Ի հավելումն դրա՝ Հրազդանի կիրճում տեղակայված գործող ռեստորանային եւ ժամանցի այլ վայրերը նպաստում են գետի ավելի աղտոտմանը:
Ռեստորանային համալիրների մեծ մասը չունի կեղտաջրերի հեռացման համակարգ: Հակոբյանն ասել է, որ մինչեւ 2025թ. բոլոր մասնավոր ընկերությունները պարտադիր պետք է ունենան միացումներ մաքրման կայաններին: Համայնքներն էլ պարտավոր են կանոնակարգել դա մինչեւ 2030թ.` կա՛մ ունենալ սեփական կայաններ, կա՛մ միացում այլ կետում գործող մաքրման կայանի:
«Օրենքով սահմանված պարտավորություն է, չկատարելու դեպքում կլինեն օրենքով սահմանված տույժեր, տուգանքներ, մասնավորների դեպքում նաեւ գործունեության դադարեցում»,-ընդգծել է Հակոբյանը։