Իրավիճակը ռազմաճակատում. ոչնչացվել է հակառակորդի ևս 1 ինքնաթիռ և 1 ԱԹՍ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:
Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել, ասված է հաղորդագրությունում:
«Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են կասեցնել հակառակորդի բոլոր գրոհները՝ վերջինիս պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ», - առավոտյան հաղորդում է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Հայկական ուժերի Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները ժամը 07:55-ի սահմաններում Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Արցախի սահմանի երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են։ Հակառակորդի՝ առանձին հատվածներում մեր զորքերի պաշտպանությունը ճեղքելու փորձերը ձախողվել են»,- նշել է Ստեփանյանը։
Читать на русском