Իշխանությունների հովանավորությամբ ոտնահարվում են ՀՀ օրենքները և Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավունքները. Հայտարարություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը՝ վանքապատկան տարածքում անհարիր միջոցառումների, այս պարագայում՝ խնջույքի անցկացումը, ինչը խաթարում է վանքի հոգևոր և աղոթական մթնոլորտը, անհանգստություն պատճառում շրջակայքի բնակչությանը։
Այս իրավիճակն անմիջական հետևանքն է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի նկատմամբ իշխանությունների բացահայտ հովանավորության և թողտվության, որով ուղղակի ոտնահարվում են ՀՀ օրենքները և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավունքները։
Հովհաննավանքի բռնազավթված լինելու իրողությունը, տեղ գտնող ինքնիրավչությունը նաև վիրավորում են հավատացելոց բարեպաշտական զգացումները, ոտնահարում իրավունքները՝ անվավեր ծեսերով ու խորհրդակատարություններով մոլորության մեջ գցելով բարեպաշտ այցելուներին։
Անթույլատրելի նկատելով այս երևույթները՝ Մայր Աթոռը վերստին կոչ է ուղղում պատկան պետական մարմիններին՝ զերծ մնալու եկեղեցական կյանքին պառակտիչ միջամտություններից և վերականգնելու զավթյալ բոլոր եկեղեցիների օրինական կարգավիճակը։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է հանրային լայն արձագանք ստացած՝ Հովհաննավանքում կատարված զազրելի իրողությունը:
Վանական համալիրի տարածքն օգտագործել, որպես խնջույքի կազմակերպման վայր սրբապղծություն է, նվիրական սրբությունների հանդեպ գործող անարգանք:
Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կողմից տևական ժամանակ արգելված է եկեղեցիների և վանական համալիրների անմիջապես բակում կազմակերպել նման միջոցառումներ:
Շուրջ մեկ տարի Հովհաննավանք վանական համալիրը բռնազավթված է կարգալույծ հոգևորականի կողմից և տեղի են ունենում ոչ կանոնական, անվավեր «խորհրդակատարություններ», որոնց ցավոք մասնակից են դառնում անտեղյակ հավատացյալներ ։
Կոչ ենք ուղղում պատկան պետական մարմիններին ձեռնարկել օրենքով սահմանված միջոցառումներ և զավթված վանքը վերադարձնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն:
Հարկ ենք համարում նաև զգուշացնել նման միջոցառումների տուրք գնացող կազմակերպիչներին և մասնակիցներին, որ նման երևույթները խաթարում են Աստվածպաշտական արարողության վեհությունը հավատացելոց կյանքում և զրկում են Աստծո օրհնությունից:


