Լևոն Զուրաբյան. Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցք» բացելու սպառնալիքն է իրականացնում
Ակնհայտ է, որ այդ բոլոր խոսակցությունները հանքերի մասին և այլն, դրանք ընդամենը այդ գործողությունների լեգիտիմացիայի համար են կատարվում, «Ազատության» տաղավարում ասում է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Իրականում այդ հայտարարությունները որևէ կապ չունեն իրական պատճառների հետ։ Ադրբեջանը երկու տարի շարունակ 2020 թվականից հետո մշտապես խոսել է դրա մասին, ասել է, որ եթե դուք չբացեք զանգեզուրյան մարշրուտը մեզ համար, մենք փակելու ենք Լաչինի կորիդորը։ Այդ մասին երկու տարի բացահայտ նա խոսել է, և սա ընդամենը իր այդ ցինիկ սպառնալիքների իրականացումն է, որ կորզեն միջանցքը։ Միգուցե հիմա արդեն ախորժակն էլ մեծանա, այսինքն՝ նաև այլ նպատակների ուղղված լինի, կարող է նաև այդ հանքերի հարցով զբաղվել, նաև կարող են դնել իրենց առջև Ղարաբաղի հայաթափման հարցը:
Ռուս խաղաղապահների անօգնականությունն ակնհայտ է։ Մեր մեջ ասած, ես մեծ տարբերություն չեմ տեսնում նրա մեջ՝ իրենք այդպես ուզո՞ւմ են, թե՞ իրենք ուղղակի չեն կարող իրագործել դա։ Այդտեղ որևէ մեծ տարբերություն չկա։ Պատճառները շատ պարզ են։ Այս անօգնականության հիմքերը դրված են ռուս-ուկրաինական պատերազմով, որի հետևանքով այսօր Ռուսաստանը ըստ էության թաղվել է այդ պատերազմի մեջ։ Բնականաբար, հայտնվել է մի իրավիճակի մեջ, երբ որ չի ցանկանում կորցնել Թուրքիայի չեզոք ստատուսը։ ՆԱՏՕ-ի մի ամբողջ երկիր բերել է չեզոք ստատուսի, և եթե դա կորցնում է, դա մեծ հարված է լինելու Ռուսաստանի համար՝ Սև ծովը կարող է փակվել, կարող են այլ պրոբլեմներ ծագել տնտեսության հետ, գազի մատակարարումների և այլն, և այլն։ Բնականաբար, Ռուսաստանը այդ խնդրից շատ անհանգստացած է։ Բացի դրանից, ամեն գնով, հատկապես այս ծանր վիճակում, որ ստեղծվել է ուկրաինական ֆրոնտում, նրանք փորձում են խուսափել որևէ նոր ռազմական բախումից, կամ հնարավորությունից, որ բացվի երկրորդ ֆրոնտը իրենց համար»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: