Լևոն Զուրաբյան. Անկախականներս ընդդեմ արևմտամետների և ռուսամետների (տեսանյութ)
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ և վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է նախընտրական գործընթացներին, ներքաղաքական զարգացումներին և արտաքին մարտահրավերներին՝ ներկայացնելով ՀԱԿ-ի դիրքորոշումները։
Խոսելով Հայաստան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի սպասվող այցի և «ԹՐԻՓՓ» համաձայնագրի հնարավոր ստորագրման մասին՝ ՀԱԿ փոխնախագահը նշում է.
«Մենք դա համարում ենք միակողմանի լուծում, որի նպատակն է Ռուսաստանին դուրս մղելը տարածաշրջանային Կովկասից և մեկուսացնելը Իրանին։ Հետևաբար, կբերի նաև նրանց կողմից դիմադրությանը, և ռեգիոնում իրավիճակը միայն կլարվի։ Երկրորդ խնդիրը հետևյալն է. եթե հիշում եք, «ԹՐԻՓՓ» զարգացման ընկերության լիազորությունների մեջ, համաձայն հունվարի 14-ի հուշագրի, նախատեսվում է, որ այն գոտում, որը կապելու է Նախիջևանը Ադրբեջանի հետ, «ԹՐԻՓՓ» զարգացման ընկերությունը ստանալու է բացառիկ իրավունքներ՝ ինչ-որ բան նախագծելու, կառուցելու և այլն։ Այսինքն՝ այնտեղ մենք ստանում ենք, ինչքան էլ որ տեսնենք, որ 10 անգամ կրկնվում է ինքնիշխանություն բառը, մենք տեսնում ենք, որ իրականում այդ տարածքում մենք հանձնում ենք բացառիկ իրավունքները»։
Զուրաբյանի խոսքով, սա նշանակում է, որ Հայաստանը կարող է զրկվել Իրանի հետ ուղիղ երկաթգիծ կառուցելու հնարավորությունից, ինչը կենսական է Հայաստանի համար։
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ և վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանի համոզմամբ, այս ամենը նախընտրական բնույթ է կրում։
«Գնում է պատերազմ Արևմուտքի և Ռուսաստանի միջև Հայաստանի համար։ Այդ պատերազմի մեջ Նիկոլ Փաշինյանը հաճույքով ներքաշվել է, ինքը հետապնդում է օրակարգեր, որոնք բացարձակապես անընդունելի են Ռուսաստանի և Իրանի համար՝ հույս ունենալով, որ Արևմուտքը կկանգնի իր թիկունքին։ Եվ այստեղ հարց է ծագում… Նիկոլ Փաշինյանը, տեսնելով այս անվերապահ աջակցությունը, ինքը որոշել է, որ կարող է արդեն անցնել ժողովրդավարական նորմերի կոպտագույն և սիստեմատիկ խախտումների՝ վստահ լինելով, որ Արևմուտքը աչք է փակելու նրա բոլոր, բոլոր հանցագործությունների վրա»։
Լևոն Զուրաբյանը պնդում է, որ Հայաստանում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, երբ գերտերությունները բացահայտ միջամտում են ներքաղաքական գործընթացներին, ինչը, նրա խոսքով, խաթարում է ժողովրդավարության հիմքերը։
«Սա ահավոր բան է Հայաստանի համար։ Նախ՝ միջամտությունը շատ վատ բան է, որովհետև ժողովրդավարությունը նշանակում է շատ պարզ բան՝ ժողովուրդը ինքը պիտի ընտրի իր ղեկավարին, ոչ թե այդ ղեկավարը նշանակվի գերտերությունների կենտրոնների կողմից, ինչը հիմա փորձում են անել։ Ուրեմն զուտ աշխարհաքաղաքական օրակարգի պատճառով մենք կարող ենք հայտնվել շատ ծանր վիճակի մեջ, որովհետև մեզ մոտ կարող է հաստատվի դիկտատուրա, ու այդ դիկտատուրան կատարելու է ոչ թե Արևմուտքի պահանջները, այլ Ադրբեջանի»։
Ամբողջական՝ տեսանյութում.


