Լևոն Զուրաբյանը՝ Հայաստանի շուրջ աշխարհում ստեղծված վիճակի մասին (տեսանյութ)
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հայտարարությունը, որով կարող են դադարեցնել Հայաստանի անդամակցությունը, կարող է մեր երկիրը կանգնեցնել ապոկալիպտիկ տնտեսական հետևանքների առջև, ինչը բացառապես Նիկոլ Փաշինյանի «անճոռնի ուղեղի արգասիքի» հետևանք է։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Զուրաբյանը, ցիտելով ՌԴ-ի, Ղրղզստանի, Բելառուսի և Ղազախստանի կազմած զեկույցը, նշում է, որ եթե Հայաստանին հանեն ԵԱՏՄ-ից, մեր երկիրը կունենա ՀՆԱ-ի շուրջ 15% անկում։
«Որպեսզի պատկերացնենք, թե դա ինչ է նշանակում, բերեմ մի օրինակ. 1992 թ-ին, երբ փակվեց Աբխազիայի երկաթգիծը, մենք ունեցանք ՀՆԱ-ի 40% անկում, ինչն էլ հանգեցրեց «մութ և ցուրտ» տարիների, ինչպես դա ընդունված է ասել։ Այսինքն, հնարավոր են հետևանքներ, որոնք, իհարկե, ավելի թույլ կլինեն 1992-ի վիճակից, բայց կրկին կունենան ծանրագույն ազդեցություն», - ասել է Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահը:


