«  Դեկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Լաչինի միջանցքի փակման պատճառով հաց և ալյուր չեն մատակարարվում որոշ բնակավայրեր

Լաչինի միջանցքի փակման պատճառով հաց և ալյուր չեն մատակարարվում որոշ բնակավայրեր

 Լաչինի միջանցքը փակելու պատճառով սննդամթերքի, մասնավորապես հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը որոշ բնակավայրեր Արցախից չի իրականացվում: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Նշվում է, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Մեծ Շեն, Հին Շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները:

«Շուշիի շրջանի վարչակազմը ԱՀ օպերատիվ շտաբի հրահանգով պահպանում է կապը համայնքների հետ և կատարվում են հնարավոր բոլոր գործողությունները այդ համայնքների հրատապ կարիքների բավարարման նպատակով»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Ստեփանակերտի և հանրապետության այլ բնակավայրերի հետ կապի բացակայությունը կարող է հումանիտար ճգնաժամի պատճառ դառնալ այդ բնակավայրերում:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Արցախի պաշտոնյաները միջազգային հանրությանը կոչ են անում քայլեր ձեռնարկել և զսպել Ադրբեջանի հայատյաց, մարդատյաց քաղաքականությունը։
Տվյալներ կան, որ ադրբեջանցի «բնապահպաններն» ուղղորդված մարդիկ են, նրանց մեջ կան նաև հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ։ Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Այս պահին Արցախում 125 հազար մարդ գտնվում է շրջափակման մեջ։ Արցախը նաև օդային հաղորդակցություն չունի որևէ երկրի հետ, արդեն 24 ժամ խաթարված է արցախցու ամենատարրական իրավունքը, և դա կատարվում է Ադրբեջանի նախագահի ուղղորդմամբ ու հրահանգներով»,– ասաց Գեղամ Ստեփանյանը, որը Երևան էր ժամանել երեկ` «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին մասնակցելու համար, և այս պահին չի կարողանում վերադառնալ Արցախ, քանի որ ադրբեջանցի «բնապահպանները» երեկվանից փակել են Լաչինի միջանցքը։

Ըստ Արցախի ՄԻՊ–ի` Եվրոպական միությունը պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ` այս պահի դրությամբ Արցախում գտնվող ավելի քան 120 հազար մարդու իրավունքները ոտնահարելու համար։

Ասուլիսին մասնակցում էր նաև Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Նա պաշտոնական այցով գտնվում էր Ֆրանսիայում ու Երևան ժամանելուց հետո չի կարողացել վերադառնալ Ստեփանակերտ։

«Արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը փակելով`ադրբեջանական կողմը փորձում է կաթվածահար անել Արցախը։ Արդեն 29 ժամ է` Արցախը տոտալ շրջափակման մեջ է։ Կլինի՞ դա նախաբան ավելի լայնածավալ գործողությունների համար, կախված է միջազգային հանրության արձագանքներից։ Միջազգային հանրությանը կոչ ենք անում քայլեր ձեռնարկել և զսպել Ադրբեջանի այդ հայատյաց, մարդատյաց քաղաքականությունը»,– նշեց Արցախի ԱԳ նախարարը։

Դավիթ Բաբայանը տեղեկացրեց, որ պաշտոնական Արցախը խնդիրը լուծելու համար առաջարկում է, որ ռուս խաղապահները ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի կողմից ստանան միջազգային մանդատ, քանի որ դա կտա միջազգային լեգիտիմություն և թույլ կտա կանխել Ադրբեջանի սադրանքները։
Նա հավելեց նաև, որ առանց ռուսական խաղաղապահ առաքելության` չկա Արցախի անվտանգություն։