«  Սեպտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է. Հայտարարություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է. Հայտարարություն

Հայտարարություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ կատարած այցի ընթացքում վերջիններիս հայկական պատկանելիությունը ժխտող և իբրև աղվանական ներկայացնող հայտարարությունները և  հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորած հեգնական վերաբերմունքը։

Պատմական իրողությունների՝ քաղաքական նպատակահարմարությամբ խեղաթյուրման այս փորձերը բացահայտ կեղծարարություն են և ոտնձգություն հայ ժողովրդի պատմական հիշողության ու հոգևոր ժառանգության հանդեպ։ Այս գործելակերպն Ադրբեջանի իշխանությունների որդեգրած հայատյաց քաղաքականության անթաքույց արտահայտությունն է։

Հերթական այս քարոզչական այցելությունը նպատակ ունի մոլորեցնելու միջազգային հանրությանը։ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն հանգամանքը, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում  Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ակնկալում է, որ վերջիններս պատշաճ գնահատական կտան հայկական սրբավայրերի ինքնության խեղաթյուրմանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություններին, հայատյաց քաղաքականությանը և իրենց մասնակցությամբ չեն նպաստի հայկական պատմական ժառանգության յուրացման քաղաքականության արդարացմանը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բազմիցս ահազանգել է, որ Արցախի բռնի հայաթափումից հետո ադրբեջանական իշխանությունների կողմից վարվում է պատմական հուշարձանների յուրացման, հայկական սրբավայրերի, խաչքարերի ու գերեզմանոցների ոչնչացման, ինքնությունը փաստող վավերագրերի վերացման քաղաքականություն, որի հերթական դրսևորումն են Հաջիևի հայտարարությունները։

Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգությունները պետք է արժանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի և դրանց կանխմանն ուղղված գործուն քայլերի։

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը։

Տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատումը պահանջում է հարգանք ժողովուրդների հավատքի, պատմական հիշողության և հիմնարար իրավունքների նկատմամբ։ Արցախի հոգևոր ժառանգության անխաթար պահպանությունը, այն կերտած Հայոց Եկեղեցու և ժողովրդի իրավունքների իրացումը միջազգային անօտարելի պարտավորություն է։

Մայր Աթոռ