Մեկնարկել է «Ազատության» հրապարակի մերձակայքի գովազդային վահանակների ապամոնտաժումը
Մեկնարկել է Օպերայի շենքի և Կարապի լճի հարակից տարածքների գովազդային վահանակների ապամոնտաժումը: Առաջինն ապամոնտաժվել են Երևանի բնակիչների կողմից ամենաշատը քննադատված Կարապի լճի լուսամփոփի տեսքով գովազդային մեծ վահանակները:
Ապամոնտաժումն իրականացվում է տնտեսվարողի ուժերով: Վերջինիս հետ բանակցությունների արդյունքում, որպես այլընտրանքային լուծում, առաջարկվել է գովազդները տեղափոխել այլ վայր:
Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համատեղ ուժերով իրականացվող ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է ապամոնտաժել խաչմերուկների մոտ տեղադրված գովազդային էկրանները, որոնք, հատկապես երեկոյան ժամերին, վթարավտանգ իրավիճակ են ստեղծում վարորդների և հետիոտների համար: Նախատեսվում է գովազդներից մաքրել նաև Աբովյան փողոցը:
Հետագայում նաև կմշակվեն Երևանում գովազդների տեղադրման համար հատուկ չափորոշիչներ: