Մելիքյան. Վիրավորանքին ու զրպարտությանն առնչվող նախագիծը դեմ է խոսքի ազատությանը
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությանը, ըստ որի` առաջարկվում է ՔՕ-ում փոփոխություններ կատարել հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար։
Աշոտ Մելիքյանի դիտարկմամբ`տվյալ օրինագիծը տրամաբանական շարունակությունն է այն իրողության, որ վերջին ամիսների ընթացքում իշխանությունների կողմից փաստորեն մի քանի ռեգրեսիվ օրենքի նախագծեր առաջ քաշվեցին, որոնցով սահմանափակվում է խոսքի ազատությունը և լրատվամիջոցների գործունեությունը։
«Սա մի փորձ է նորից քրեականացնելու վիրավորանքն ու զրպարտությունը։ Հայտնի է, որ 2010 թվականին այդ պատասխանատվությունը քրեական տիրույթից տեղափոխվեց քաղաքացիական տիրույթ, և միջազգային կազմակերպությունները դա գնահատում էին որպես առաջընթաց, որպես ժողովրդավարական քայլ, մինչդեռ այսօր, ցավոք սրտի, հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարությունը կարծես թե որոշել է հետընթաց անել ու նորից քրեականացնել վիրավորանքը կամ զրպարտանքը»,– նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։
Մելիքյանը վկայակոչեց Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը, որն արդեն իսկ կարգավորում է առկա խնդիրը` վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսելով փոխհատուցում։ Ըստ նրա` երբ գործը տեղափոխվում է քրեաիրավական տիրույթ և շեշտվում է հատկապես պաշտոնատար անձանց հասցեին հնչած վիրավորանքն ու զրպարտությունը, ապա ստացվում է, որ սա իշխանություններին քննադատությունից զերծ պահելու և շատ հաճախ նաև հասարակության առջև հաշվետու չլինելու համար է։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի կարծիքով` հաճախ լրատվամիջոցների նույնիսկ օբյեկտիվ քննադատությունը պաշտոնատար անձանց, քաղաքական գործիչների կողմից ընդունվում է որպես վիրավորանք կամ զրպարտություն, և եղել են դեպքեր, երբ դատարանները բավարարել են իշխանության ներկայացուցիչների հայցերը։
Ըստ Մելիքյանի` այս պարագայում լուրջ ինքնագրաքննության հետ կապված վտանգ է առաջանում լրագրողների մոտ, և այն խիստ միջոցները, որոնք փորձում են կիրառել, ոչ միայն վիրավորանքի ու զրպարտության դեմ է, այլև խոսքի ազատության և լրատվամիջոցների անկաշկանդ գործունեության, և ըստ այդմ`նախագիծն ավելի շատ վնաս է տալու` ստեղծվելով լրատվական միջավայր, որն ամենևին հարիր չէ ժողովրդավարական հասարակությանը։
Տեղեկացնենք, որ նախագծի համաձայն` հանրային ծառայության մեջ գտնվող անձին վրավորելը կամ զրպարտելը, որը կատարվել է ԶԼՄ–ներով կամ հրապարակային այլ եղանակով` կապված անձի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով։