ՄԻԵԴ-ի որոշման լուսաբանման անճշտությունները Yerevan.Today-ում
Ապրիլի 26-ին Yerevan.Today լրատվական կայքը հրապարակել է Ահարոն Համբարձումյանի հեղինակած հոդվածը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) «Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով կայացրած որոշման և Մարտի մեկի որոշ իրադարձությունների վերաբերյալ։ Հոդվածում կան մի քանի անճշտություններ, որոնց անդրադառնանք ստորև, գրում է Fip.am-ը:
Տեր-Պետրոսյանի տնային կալանքի մասին
Ըստ հոդվածագրի, ՄԻԵԴ-ը Տեր-Պետրոսյանի՝ տնային կալանքի տակ գտնվելու մասին պնդումները անհիմն է համարել։ Սա չի համապատասխանում իրականությանը։
ՄԻԵԴ-ի որոշման մեջ այս մասով ասված է, որ դատարանը չի կարող այս հարցը քննել, քանի որ այն չէր դարձել ներպետական բողոքարկման առարկա։ Դատարանը նաև հայտնել է, որ չի ունեցել «բավարար ապացույցներ հաստատապես համոզված լինելու համար, թե արդյո՞ք Պետական պահպանության ծառայությունը գերազանցել է իր պարտականությունները, և արդյո՞ք դիմողի անձնական ազատության և ազատ տեղաշարժի իրավունքները խախտվել են»։
Դատարանը նաև նշել է, որ Տեր-Պետրոսյանի հավանական տնային կալանքի մասին են խոսել Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղարը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովը, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը և Human Rights Watch ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպությունը։
Այսինքն, խոսք չի կարող լինել այս մասով գանգատի անհիմն լինելու մասին, ինչպես պնդում է Yerevan.Today-ը, քանի որ դատարանը հրաժարվել է վճիռ կայացնել։
Դեռ 2008 թ.-ին Տեր-Պետրոսյանի՝ տնային կալանքի տակ լինելու մասին հաղորդել է նաև Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը, որը WikiLeaks-ի կողմից հանրայնացված 2008 թ. մարտի 3-ի փաստաթղթում նշում է, որ Տեր-Պետրոսյանը փաստացի (de facto) տնային կալանքի տակ է գտնվում։
Մարտի 1-ի իրադարձությունների մասին
Yerevan.Today-ի հոդվածում խոսք է գնում այն մասին, որ Մարտի 1-ի «ցերեկն արդեն հանրահավաքային տրամադրությունը շատ արագ փոխակերպվեց ամբոխային անկարգություններով», այնինչ սա ամբողջովին հակասում է ՄԻԵԴ-ի որոշման տրամաբանությանը, որի մասին գրում է հոդվածի հեղինակը։
ՄԻԵԴ-ի որոշման մեջ, մասնավորապես, հղում է կատարվում 2018թ. սեպտեմբերին հրապարակված «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործի որոշմանը։ Այդ որոշմամբ դատարանը եզրահանգել էր, որ խաղաղ հավաքի ցրելը հիմնավորված չի եղել և պատճառաբանվել է կասկածելի հանգամանքների վկայակոչմամբ։ Հավաքի ցրումը իրականացվել է առանց նախապես զգուշացման և ուժի անհամաչափ գործադրմամբ, որին պետությունը չէր կարող դիմել ողջամտության սահմաններում։ Արդյունքում խախտվել է դիմողի՝ խաղաղ հավաքների ազատությունը։
Հիշեցնենք, Yerevan.Today կայքը մամուլում կապվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ։ Սակայն կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը 2018թ. սեպտեմբերին հերքել էր, որ կայքը կապ ունի Քոչարյանի հետ, և հայտնել, որ այն պատկանում է Վարդան Հովնանյանին,եզրափակում է Fip.am-ը:
Հովհաննես Նազարեթյան