Միջազգայնագետ. ՀՀ-ն նախընտրեց ԵՄ հեռադիտակներն ու տեսախցիկները ՀԱՊԿ ռազմական օգնությունից
Հայաստանում առաքելություն տեղակայելու` ՀԱՊԿ-ի պատրաստակամության ֆոնին անհասկանալի է, թե ինչու է հանրապետության ղեկավարությունը մշտապես ձգձգում այդ հարցի վերաբերյալ որոշում կայացնելու գործընթացը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը` հավելելով, որ հարցը վաղուց արդիական է, սակայն իշխանությունները կարծես թե հարցը լուծելու ցանկություն չունեն։
Ըստ Բալասանյանի` կամ ՀՀ–ում կա մի երրորդ ուժ, որը չի թողնում, որպեսզի Հայաստանը դիմի ՀԱՊԿ–ին, ինչն օգտագործվում է Ադրբեջանի կողմից առաջխաղացում ապահովելու համար, կամ էլ հայկական և ադրբեջանական որոշ շրջանակների միջև կա պայմանավորվածություն, որ ՀՀ–ն չի դիմելու ՀԱՊԿ–ին` ձգձգելով այդ գործընթացը։
«Քո ռազմաքաղաքական գործընկեր կառույցը քեզ ասում է` դիտորդական առաքելություն բերեմ և տեղակայեմ քո սահմանի ողջ երկայնքով, իսկ դու ասում ես` ոչ, բայց միևնույն ժամանակ հրավիրում ես Եվրամիության դիտորդական առաքելությանը, որն իր հերթին հորդորում է իր վրա հույս չդնել, քանի որ ունի միայն հեռադիտակ և տեսախցիկ։ Սա միամտության արդյունք չէ, այստեղ միտում կա, հետևաբար կարելի է հանգել այն եզրակացության, որ այս ամբողջ գործընթացին նաև հայկական որոշ շրջանակներ են խառնված»,– նշեց միջազգայնագետը։
Այս ֆոնին տարօրինակ է թվում հատկապես եվրոպացի դիտորդներին առնչվող պատմությունը։ Բալասանյանը աստիճանաբար ավելի է համոզվում, որ ԵՄ դիտորդները Հայաստանում ունեն բոլորովին այլ առաքելություն, այն է` բթացնել հայ ժողովրդի զգոնությունը, իրենց ներկայությամբ ցույց տալ, թե իբր իրենք այստեղ են, որպեսզի ապահովեն անվտանգությունը, հետևաբար կարիք չկա ՀԱՊԿ–ին դիմելու։ Բայց միևնույն ժամանակ եվրոպացի դիտորդներն աշխատում են այնպես, որ իրենց գործունեությունը ոչ ոք չնկատի։
«Դիտորդական առաքելության ղեկավարն ասում է, որ եթե այս գարնանը ռազմական գործողություններ չլինեն, ապա իրենց գործը կհամարեն կատարված։ Սա ծաղրական վերաբերմունք է, քանի որ հայկական կողմը դրան զուգահեռ պարբերաբար մետր առ մետր տարածքներ է կորցնում։ Մեր սահմանների շատ հատվածներում չկան զինված ուժեր, երկրապահը նույնպես բացակայում է, տեղական ուժերով զինված պաշտպանություն չի կազմակերվում։ Ավելին, ստեղծվում են պայմաններ, որպեսզի վերջնարդունքում մեղադրեն ՀԱՊԿ–ին։ Մեր իշխանությունն այժմ կատարում է Ալիևի բոլոր պահանջները, ինչքան տարածքներ անհրաժեշտ է, նա կարողանում է վերցնել Հայաստանից»,– ասաց Բալասանյանը։
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը կազմակերպության շտաբում ղեկավար կազմի ընդլայնված խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում տիրող իրավիճակը կարող է լրջորեն ապակայունանալ։ Իսկ ՀԱՊԿ–ի քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում վերահաստատել է, որ կառույցը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման: Նա հավելել է, որ ՀԱՊԿ-ն պատրաստ է օգնության այլ միջոցներ տրամադրել: