«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ՄԻՊ. Սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթն ունեն իրական հիմքեր

ՄԻՊ. Սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթն ունեն իրական հիմքեր

Հայաստանի Սյունիքի մարզի Կապան, Գորիս և մյուս քաղաքների, սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթը, այդ թվում` կապված մարզում սահմանազատումների և սահմանագծումների գործընթացի հետ, ունեն իրական հիմքեր:

Խոսքը կոնկրետ մարդկանց` այդ բնակավայրերի բնակիչների կյանքի և կենսական կարևորության մյուս իրավունքների, նրանց ֆիզիկական անվտանգության ու ապահովության, կենսական ապրուստը հոգալու հնարավորությունների և ու վերջապես՝ ՀՀ պետական սահմանների անվտանգության մասին է:

Մարդու իրավունքների պաշտպանն աշխատակազմի մասնագետների հետ միասին աշխատանքային հատուկ այցով եղել է Սյունիքում ու համոզվել այս խնդիրների խիստ արդիականության հարցում: Դրանից բացի, երեկ ու այսօր վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Սյունիքի սահմանային բնակավայրերի բնակիչներից ստանում է նույն խնդիրներին վերաբերող ահազանգեր ու անհանգստություններ, իրականացվում է մարդկանց բողոքի ակցիաների մշտադիտարկում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հատուկ շեշտում ենք՝ ոչ թե Սյունիքի մարզային կամ համայնքային մարմինները, այլ մեր պետության գործադիր իշխանության բարձրագույն մարմինը պարտավոր է հանրությանն ու հատկապես սահմանային բնակավայրերի բնակիչներին տրամադրել պատշաճ բացատրություններ նրանց ու, առհասարակ, մեր ողջ հանրությանը վերաբերող հարցերի ու զարգացումների մասին:

Սա քաղաքացիների Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքն է: Դա ապահովելու ուղիղ պարտավորություն կրում է պետությունը և վերջ:

ՀՀ ՄԻՊ

«Սյունիքի սահմաններն ու դեռևս հայկական կողմի վերահսկողության տակ մնացած դիրքերը հսկող կամավորներին ՀՀ ՊՆ-ից հրահանգվել է հետ քաշվել մինչև նախկին խորհրդային սահմանի տարածքը, հայտնել է  Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

«Ներկա դրությամբ մեր զբաղեցրած դիրքերը, որոնք մենք զբաղեցրել էինք թե՛ քաղաքի, թե՛ գյուղերի անվտանգությունն ապահովելու համար, այդ անվտանգության գոտին այլևս չի լինելու։ Մեր բնակելի հատվածից թշնամին լինելու է 1 կմ հեռավորության վրա, օդանավակայանից` 200-300 մ հեռավորության վրա։ Մեր գյուղերը երկու կողմից բլոկադայի մեջ են հայտնվում։ Խայտառակ վիճակի մեջ ենք ընկնում»,– ասել է Փարսյանը։

Նշենք, որ սյունեցիները փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը։ Նրանք անհանգստացած են սահմանների անվտանգությամբ։ 
Ակցիայի մասնակիցները պատկան մարմիններից պահանջում են հստակ պարզաբանում։ Նրանք մտադիր են ճանապարհը փակ պահել այնքան, մինչև հստակեցում չլինի։ Այս պահին տեղում ոստիկաններ կան, որոնք փորձում են բանակցել են նրանց հետ, որպեսզի ճանապարհը բացվի։