Մոգերինի. ԵՄ շարունակելու է աշխատանքը հանուն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման
Եվրամիությունը շարունակելու է աշխատանքը հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման՝ քաջալերելով ամենաբարձր մակարդակի երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին Եվրախորհրդարանի լիագումար քննարկման ժամանակ ասել է Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:
«Մենք լիակատար աջակցություն ենք ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ու նրանց ներկայացրած առաջարկներին, այդ թվում և մեր Հատուկ ներկայացուցչի աշխատանքի միջոցով»,- նշել է Մոգերինին:
Խոսելով Հայաստանի մասին՝ նա նշել է, որ կառավարությունը հանձնառություն է ստանձնել իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ՝ համաձայն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի:
«Հայաստանը ԵՄ հետ այդ համաձայնագիրը համարում է որպես իրական ծրագիր բարեփոխումների համար, և մենք հպարտ ենք դրանով: Մեր աջակցությունը բարեփոխումների գործընթացին, այդ թվում և իրականացվող դատական բարեփոխումներին, ավելացել է նախորդ տարվա քաղաքական հեղափոխությունից հետո: Ես վստահ եմ, որ այս համագործակցությունն առաջիկա տարիներին ավելի սերտ կլինի»,- նշել է Մոգերինին: