«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

ԼՂ հարցում Ռուսաստանի գլխավոր խնդիրներից մեկը

ԼՂ հարցում Ռուսաստանի գլխավոր խնդիրներից մեկը

Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է Հարավային Կովկասը խաղաղության, անվտանգության և զարգացման տարածաշրջան դարձնելու հարցում։ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այդ մասին ասել է ՀՀ կառավարությանն առընթեր «Օրբելի» վերլուծական կենտրոնին տված հարցազրույցում։ Տեղեկությունը հայտնում է armeniasputnik-ը:

Դիվանագետի խոսքով՝ ռուսական միջնորդական ջանքերն այսօր բախվում են մի շարք ակնհայտ դժվարությունների։ Դրանք առաջին հերթին բխում են այն սուր խնդիրներից (այդ թվում՝ պատմական շերտավորումներից), որոնք գոյություն ունեն և շատ առումներով որոշիչ են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների համար։ Այս հանգամանքը շատ բարդ քաղաքական և զգացմունքային ֆոն է ստեղծում իրավիճակի կարգավորման, առկա խնդիրների շտկման փոխընդունելի ուղիների որոնման ցանկացած ջանքերի համար:

«Ստիպված ենք լինում հաշվի նստել նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հիմնարար հարցի նկատմամբ կողմերի տրամագծորեն հակառակ մոտեցման, ինչպես նաև իրավիճակի վրա ներքաղաքական գործոնների և երրորդ երկրների ու աշխարհաքաղաքական խաղացողների շահերի ազդեցության հետ»,-նշել է Կոպիրկինը։

Միևնույն ժամանակ դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կողմերին եռակողմ մեխանիզմներ և փաստաթղթեր չի պարտադրել, դա Երևանի և Բաքվի հետ քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որը հիմնված է շահերի հավասարակշռության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա։

Անդրադառնալով ռուս խաղաղապահների գործունեությանը՝ դեսպանն ընդգծել է, որ բոլորից լավ այդ գնահատականը կարող են տալ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ։ Ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում է նաև իր առաջնային խնդիրը․ երաշխավորում է հրադադարի ռեժիմի պահպանումը՝ էական ներդրում ունենալով տարածաշրջանում իրադրության կայունացման և անվտանգության ապահովման գործում: Դրա համար հսկայական ռեսուրս է կիրառվում, ինչպես մարդկային, այնպես էլ նյութատեխնիկական։

«Այո, միջադեպեր, ցավոք, լինում են։ Դրանցից յուրաքանչյուրի դեպքում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի իրավիճակը չսրվի, համապատասխան հետաքննություններ են անցկացվում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության մասնակցությամբ և կողմերի իրավասու մարմինների ներգրավմամբ։ Ելնում ենք նրանից, որ եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթները պետք է ամբողջությամբ կատարվեն»,-ասել է Կոպիրկինը։

Ռուսական ղեկավարության ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ այսօր գոյություն ունեցող բոլոր «գրգռիչների» վերացումը։ Հետևողական քայլեր են ձեռնարկվում պահվող անձանց հարցը լուծելու ուղղությամբ։ Այդ քայլերի արդյունքն էր նաև դեկտեմբերի 4-ին Ադրբեջանից ևս 10 քաղաքացիների վերադարձը Հայաստան։ Կոպիրկինը հիշեցրել է` ռուսական կողմի միջնորդությամբ ՀՀ 115 քաղաքացի է վերադարձել տուն։

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով` Ռուսաստանը շարունակում է միջնորդական ջանքեր գործադրել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում: Դեսպանը կարծում է, որ Մինսկի խմբի ներուժը դեռ չի սպառվել, այդ թվում՝ տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրների լուծման համատեքստում: