Նիկոլ Փաշինյանի «կռուտիտների» գինը. «ՉԻ»
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.
Նկատեցի՞ք, թե ինչպես ապրիլի 18-ի իր ելույթով Նիկոլ Փաշինյանը միանգամից «ընդլայնեց մեղավորների շրջանակը»։ Մինչ այդ այսօրվա իրավիճակի մեղավորներ էին հռչակվել նախկինները, հինգերորդ շարասյունը, 11 հազար դասալիքները, 600 հազար «վախկոտ տղամարդիկ» և այլն, իսկ հիմա դրանց ավելացան նաև «սխալ պատմագրությունն» ու «հայրենասիրության սխալ ընկալումը»։ Սա նշանակում է, որ մեր պետականության՝ կործանման եզրին հայտնվելու պատճառը, աղքատության նման, մեր ուղեղներում է։
Ուշադրություն դարձրեք՝ Նիկոլն ու իր ուսապարկերը նույնպես մի քանի տարի առաջ տառապում էին այդ «հիվանդությամբ»։ Մեկը Ստեփանակերտի հրապարակում ծղրտում էր, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», մի ուրիշը թուքը շաղ տալով Աղդամի նուռ էր խփշտում ու լուսանկարի տակ գրում «Աղդամը իմ հայրենիքն է», բայց հիմա, փաստորեն, բուժվել են։ Եվ գտնում են, որ Ղարաբաղը, այո, գուցե կարելի է սիրել, բայց՝ միայն որպես հարևան երկրի գողտրիկ տարածք, որտեղ մի ժամանակ հայեր են ապրել, Արարատով, այո, կարելի է հիանալ, բայց մեր զինանշանի վրա պիտի Արագածի պատկերը լինի, և այլն։ Առայժմ ուղիղ տեքստով չեն ասում, բայց իմաստը դա է։ Բացատրություն էլ են գտել․ Նիկոլն ասում է՝ եթե հարևանները տեսնեն, որ ուզում ենք հզորանալ ու իրենց վնաս տալ, ոչ միայն թույլ չեն տա, որ հզորանանք, այլև կոչնչացնեն Հայաստանը, հետևաբար՝ պիտի մեզ խելոք պահենք։
Դե իհարկե, նապաստակին էլ է թվում, որ եթե իրեն խելոք պահի՝ գայլն իրեն չի ուտի։ Բայց խնդիրն այն է, որ իր այդ պնդումներով («չարիքի արմատը» մեր «սխալ հայրենասիրության» մեջ փնտրելով) Նիկոլ Փաշինյանը, մեծ հաշվով, կրկնում է Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը, որի համաձայն՝ անցած դարասկզբի «ողբերգական իրադարձությունների» պատճառն այն էր, որ հայերն իրենցից տարածքային պահանջներ ունեին, և իրենք ստիպված էին «ինքնապաշտպանական նկատառումներով» չեզոքացնել այդ պոտենցիալ վտանգը։ Ադրբեջանն էլ ի՛ր հերթին է նույնը կրկնում՝ հայտարարելով, թե Հայաստանին «կանխարգելիչ հարվածներ» է հասցնում, որովհետև հայերը նոր ագրեսիա են նախապատրաստում, ու Նիկոլ Փաշինյանը նաև Ալիևի այդ անհեթեթ պնդումն է հաստատում՝ հայտարարելով, թե այո, ցավոք սրտի՝ իսկապես էլ մեր հասարակությունը դեռ «հիվանդ է» և 29,8 հազար քկմ տարածքից դուրս էլ է փորձում ինչ-որ հարցերի խառնվել։
Իրականում Նիկոլ Փաշինյանին, իհարկե, այդ 29,8 հազար քկմ-ը նույնպես չի հետաքրքրում, նրան հետաքրքրում է այդ (կամ թեկուզ դրանից ավելի քիչ) տարածքի վրա իր իշխանության երկարաձգումը։ Իսկ դա հնարավոր է միայն այնքան ժամանակ, քանի դեռ որևէ համաձայնագիր չի ստորագրվել։ Դրա համար էլ նա անընդհատ խոսում է համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին, բայց գործնականում ժամանակ է ձգում՝ հարթակից հարթակ թռնելով։ Ադրբեջանին էլ այդ իրավիճակը ձեռնտու է, որովհետև համաձայնագրի բացակայությունը հնարավորություն է տալիս ժամանակ առ ժամանակ տարբեր ուղղություններով «տարընթերցել» Հայաստանի սահմաններն ու նորանոր տարածքներ զավթել։
Իսկ դա Հայաստանի վրա շատ թանկ է «նստում»։ Միայն մի թիվ նշենք․ 2020 թ նոյեմբերի 10-ից հետո Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարել է 892 օր, և այդ ընթացքում Հայաստանը միջին հաշվով կորցրել է օրական (!) 25,8 հեկտար տարածք։ Էլ չենք խոսում հարյուրավոր նոր զոհերի ու Արցախի շրջափակման մասին։ Սա է այն գինը, որը վճարում է Հայաստանը՝ հանուն «միջին վիճակագրական» Նիկոլ Փաշինյանի իշխանության երկարաձգման։
Մարկ Նշանյան
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: