«Նոր Հայաստանում» դատարանները վիճարկում են Աստծո գոյությունը
Լա՞վն է կաթողիկոսը, թե՞ վատը: Մեղավո՞ր է նա, թե՞ անմեղ: Դա որևէ մեկի գործը չէ: Դա բացառապես Աստծո գործն է: Գիտե՞ք ինչու: Որովհետև, Հիսուս Քրիստոսը ձեռքը դրեց առաքյալներից յուրաքանչյուրի վրա և պատվիրակեց տարածել Աստծո խոսքը: Առաքյալներից յուրաքանչյուրն իր հերթին նույն պատգամով ձեռքը դրեց այլ անձանց վրա: Այլ անձինք` մյուսների վրա: Մյուսները` մյուսների: Եվ, այդպես շարունակ: Այսինքն, բոլոր ձեռնադրված անձանց, այդ թվում կաթողիկոսի, վրա ապրիորի Աստծո ձեռքն է: Եվ միայն այդ ձեռքով է հնարավոր հոգևորականին կարգալույծ հռչակել կամ ազատել ծառայությունից:
Նոր Հայաստանում դատարանները սկսել են խառնվել Եկեղեցու գործերին, մասնավորապես` բեկանում են կաթողիկոսի որոշումները: Սա նշանակում է, որ դատարանները կասկածի տակ են դնում ձեռնադրության խորհուրդը, այլ կերպ ասած` վիճարկում են Աստծո գոյությունը:
Սակայն, եթե վերջիններս այդաստիճան խորացել եք հոգևոր ոլորտի «իրավաբանության» մեջ, ապա նախևառաջ պետք է վերացնեն առաջացած խնդիրների հիմքը: Ըստ այդմ, նախ` ներպետական դատական ատյանները պետք է ոչ իրավաչափ ճանաչեն Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների գործունեությունը Հին Հայաստանում: Չէ՞ որ հենց նրանք ամենասկզբից եկան Հայաստան և սկսեցին ձեռնադրությամբ զբաղվել:
Վերջիններիս գործունեությունը ոչ իրավաչափ ճանաչելուց հետո, դատարանները թող գտնեն և բեկանեն Հիսուս Քրիստոսի ծննդյան վկայականը: Եվ միայն այդ վճիռների օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանները կկարողանան կաթողիկոսին «Կտրիճ Ներսիսյան»-ով դիմել և բեկանել վերջինիս որոշումները:
Իսկ այժմ, քանի դեռ Հիսուս Քրիստոսի ծննդյան վկայականը բեկանված չէ, իսկ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների գործունեությունը Հին Հայաստանում ոչ իրավաչափ ճանաչված չէ, դատարանները թող լռեն և ... Աստված իրենց պահապան
Հիշեցնենք, քննչական կոմիտեի կողմից հարուցվել է քրեական վարույթ, փաստացի քրեական հետապնդում է հարուցվում Վեհափառ Հայրապետի ու Հոգևոր խորհրդի անդամների դեմ:


