«  Օգոստոս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика


Օգոստոսյան պուտչն ու Լևոն Տեր-Պետրոսյանի անդրադարձը

Օգոստոսյան պուտչն ու Լևոն Տեր-Պետրոսյանի անդրադարձը

1991 թվականի օգոստոսի 19-21-ն ընկած ժամանակաշրջանում, Խորհրդային Միության մայրամուտի ֆոնին, ԽՄ-ն փրկելու նպատակով, ԽՄ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից պետական հեղաշրջման փորձ է կատարվում, որն ավելի հայտնի է «Օգոստոսյան պուտչ» անվանումով։ Ստեղծված հակասահմանադրական մարմինը՝ ԳԿՉՊ-ն, գործելով, ըստ էության, 2 օր, տապալվում է՝ հանդիպելով Ռուսաստանի ժողովրդավարական ուժերի և ժողովրդի վճռական դիմադրությանը։ 

Տվյալ իրադարձություններն ավելի տագնապալի տրամադրություններ են առաջացնում անկախության ճանապարհով շարժվող հանրապետություններում։ Նկատի ունենալով մինչ այդ ԽՄ տարածքում, այդ թվում՝ Հայաստանի սահմանամերձ տարածքներում, ԽՄ ուժայինների ներգրավմամբ  հրահրված արյունալի իրադարձությունները, Հայաստանի իշխանություններն իրենց պաշտոնական դիրքորոշումներում որոշակի զսպվածություն են դրսևորում՝ ավելորդ լարվածություն և խնդիրներ չառաջացնելու նպատակով։

Արդեն օգոստոսի 22-ին մամուլի ասուլիս է հրավիրում Հայաստանի ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նա մանրամասնորեն ներկայացնում է այդ պահին ստեղծված իրավիճակն ու Հայաստանի դիրքորոշումն այդ իրավիճակի վերաբերյալ։

Ստորև ներկայացված են Լևոն Տեր-Պետրոսյանի ընդարձակ բացման խոսքն ու հարցուպատասխանը․
(«Ընտրանի»-ում հրապարակված չէ)

ԲԱՑՄԱՆ ԽՈՍՔ․ 

«Նախ ուզում եմ շնորհավորել բոլորին ժողովրդավարության տարած մեծ հաղթանակի առթիվ։ Իհարկե, այսօր դժվար է լիովին գնահատել տեղի ունեցածը։ Նրա պատճառները, նպատակներն ու մեթոդներն ակնհայտ են, սակայն այն հետեւանքները, որոնք այսօր մեր առջև ուրվագծվում են հեղաշրջման տապալումից հետո, լուրջ ուսումնասիրության կարիք են զգում:

Համոզված եմ, որ կատարվածից հետո Խորհրդային Միությունում, գուցեեւ ողջ աշխարհում ստեղծվել է մի նոր պատմական իրավիճակ, որը, թերեւս, հարկադրի մեզ լիովին վերանայել մեր ապագայի ծրագրերը։ Սակայն, կրկնում եմ, այսօր դեռեւս վաղ է նման լուրջ հետեւություններ կատարելը, որովհետեւ մենք պատասխանատու ենք մեր ազգի եւ ողջ աշխարհի առջեւ, ու դրա համար պետք է լրջորեն մշակենք մեր հետագա քաղաքականությունը:

Իրադարձության գնահատականը միանշանակ է, դա ռազմական հեղաշրջում էր, պետական հանցագործություն: Գործող ուժերը նույնպես հայտնի են՝ ԽՄԿԿ ղեկավարությունը, կոմկուսի ողջ պահպանողական ուժերը, ԽՄԿԿ-ի պատժիչ մեքենան բանակը, պետական անվտանգության կոմիտեն, ներքին գործերի ուժերը, վարչահրամայական ապարատը՝ հանձին Պավլովի գլխավորած կառավարության եւ ռազմաարդյունաբերական համալիրի մի զգալի մասը։

Մենք լսեցինք հեղաշրջման պարագլուխների ելույթները, նրանց դեմագոգիան, բայց կարծում եմ, բոլորս էլ համոզվեցինք, որ այդ ուժերը երկիրը ճգնաժամից դուրս բերելու որեւէ լուրջ ծրագիր չունեն։ Ինձ համար առնվազն ակնհայտ է, որ նրանց իդեալը մնում է բրեժնեւյան վարչակարգը։ Լավագույն դեպքում նրանք կարող էին վերականգնել այն, ինչ գոյություն ուներ Բրեժնեւի օրոք։ Լավագույն դեպքում, որովհետեւ մինչ այդ, նրանք դեռեւս պետք է անցնեին ստալինիզմի ճանապարհով: Բավական է տեսնել, թե ովքեր էին ղեկավարում այդ հեղաշրջումը, եւ բոլորս էլ կհամոզվենք, որ դրանք բրեժնեւյան վարչակարգի ամենահավատարիմ ծառաներն են եղել:

Այսպիսով, սոցիալ-քաղաքական տեսակետից՝ նպատակը բրեժնեւյան վարչակարգի վերահաստատումն էր, իսկ գաղափարախոսության առումով՝ փլուզվող կայսրության վերականգնումը:

ՌԽՖՍՀ խորհրդարանի նիստում հռետորներից մեկը, շատ դիպուկ, հեղաշրջումը բնութագրեց որպես ազգային-սոցիալիստական, այսինքն՝ ֆաշիստական։ Դա նացիզմ էր, ազգային սոցիալիզմ, ուր սոցիալիզմը պարզապես հանդես է գալիս որպես շղարշ բուն կայսերապետական գաղափարախոսությունը քողարկելու համար:

Շատերը հարց էին տալիս, տարակուսում, թե հեղաշրջման հաջողության դեպքում ո՞ւմ վրա պետք է հենվեին այդ ուժերը։ Իհարկե, բոլորս էլ գիտեինք, որ վաղ թե ուշ նրանք պետք է ձախողվեին, բայց երկիրը ներքաշելով շատ ծանր վիճակի մեջ, ըստ երեւույթին, արյան գետեր հեղելով, վերականգնելով խորհրդային համակենտրոնացման ճամբարը եւ այլն։ Սակայն, պարզ է, որ ցանկացած իշխանություն պետք է ունենա սոցիալական բազա, այդ դեպքում ո՞ւմ վրա պետք է հենվեին այդ ուժերը։ Կարծում եմ, որ նրանք կգտնեին շատ հզոր սոցիալական բազա։ Եվ եթե մի փոքր ավելի վճռական լինեին, կարող էին հաջողության հասնել, որովհետեւ հասարակության մեջ կան շատ խավեր, որոնց ձեռնտու էին արտակարգ իրավիճակի կոմիտեի ձեռնարկումները։ Այդ սոցիալական բազայի հիմքը նախկին կուսակցական-տնտեսական բյուրոկրատիան է, որը այսօր էլ, թեեւ հեռացված է իշխանության հիմնական լծակներից, սակայն իշխանության ներքին եւ միջին օղակներում զբաղեցնում է չափազանց ազդեցիկ դիրք՝ ինչպես ողջ Խորհրդային Միությունում, այնպես էլ Հայաստանում։ Երկրորդ խավը, որի վրա կարող էին հույս դնել հեղաշրջման կազմակերպիչները, կենցաղային դժվարություններից չարացած լյումպեն զանգվածներն էին։ Այս երկուսի գումարը ցույց է տալիս, որ հակահեղափոխականներն ունեին լուրջ սոցիալական հենարան:

Այժմ հեղաշրջման պատճառների մասին։ Ակնհայտ է, որ բրեժնեւյան բյուրոկրատիան առայժմ ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել իր պարտության մտքի հետ, եւ ինչպես ցույց տվին դեպքերը, պատրաստ է նույնիսկ ֆաշիստական հեղաշրջման միջոցով վերականգնել իր դիրքերը։ Սա է զուտ սոցիալական դրդապատճառը, որի պաշտպանները մեր հասարակության մեջ կազմում են մի հզոր շերտ։ Եթե հիշում եք՝ Խորհրդային Միությունում հաշվվում էր 20 միլիոնանոց բյուրոկրատիա, ընտանիքներով հաշված՝ մոտ 60-70 միլիոն մարդ, որոնք օգտվում էին այն բոլոր բարիքներից, որ նրանց ընծայում էր կոմունիստական վարչակարգը։ Իսկ 60-70 միլիոնանոց իշխող վերնախավը հրապարակից հանելը հեշտ գործ չէր։ Սա հարցի սոցիալական կողմը։ Բայց կա նաեւ չափազանց վտանգավոր մի գաղափարախոսություն, որը նույնապես դեռեւս չի ուզում զիջել իր դիրքերը։ Դա ռուսական կայսերապետությունն է, իմպերիական գաղափարախոսությունը: Եվ, դժբախտաբար, այդ գաղափարախոսությունը ռուսական հասարակության զգալի շերտերում դեռեւս իշխում է որպես տիրապետող գաղափարախոսություն։

Եվ երրորդ, թերեւս, ամենակարեւոր պատճառը, որ է Գորբաչովի անհեռատես քաղաքականությունը, եթե չասեմ ավելի խիստ` նրա հանցավոր մեղսակցությունը այս հեղաշրջմանը։ Իհարկե, ես չեմ հավատում այն խոսակցություններին, բամբասանքի մակարդակի լուրերին, որ իբր հեղաշրջումը կազմակերպված էր Գորբաչովի կողմից, որ դա նրա սցենարով էր ընթանում եւ այլն (Լուկյանովն այդ մասին նույնիսկ բացահայտ խոսեց)։ Սակայն, դա այնքան էլ կարեւոր չէ, որովհետեւ բոլոր պարագաներում ամենամեծ մեղքը բաժին է ընկնում Գորբաչովին։ Դրա վկայությունն են՝ նրա անհետևողականությունը, անվճռականությունը, տեւական զիջումները աջ ուժերին, վերջիններիս սանձարձակությունների, անօրինականությունների հանդուրժումն ու խրախուսումը։ Հիշենք Սումգայիթը, Բաքուն, Թբիլիսիի, Լիտվայի արյունահեղությունները։ Հիշենք վերջին դեպքերը, երբ թվում էր, թե Գորբաչովն արդեն լիովին կատարել է իր ընտրությունը հօգուտ ժողովրդավար ուժերի, ազատ տնտեսության ու ազատ շուկայի, երբ նախապատրաստվում էր միութենական պայմանագիրը, կերտվում էր Միության ապագան, եւ հենց այդ ժամանակ, ընդամենը տասնյոթ օրում, ապրիլի 20-ից մինչեւ մայիսի 17-ը, Գորբաչովը նույն ուժերի՝ Կրյուչկովի, Պուգոյի, Յազովի միջոցով թափեց տասնյակ հայ քաղաքացիների արյունը [Նկատի ունի Ղարաբաղի և հարակից շրջաններում իրականացված «Կոլցո» օպերացիան]:

Ընդամենը տասնյոթ օրում զոհվեց 75 հայ, եւ դրա մասին ոչ ոք չիմացավ։ Իհարկե, եղան ժողովրդավարներ, մարդասերներ, որոնք իրենց համերաշխությունը հայտնեցին Հայ ժողովրդին, փորձեցին օգնել մեզ (առաջին հերթին ես նկատի ունեմ Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորներին), բայց նույն այն ժողովրդավարները, որոնք այսօր հայտնություն են կատարում, որ ֆաշիստական հեղաշրջում է տեղի ունեցել, այն ժամանակ, չգիտես թե ինչու, անտարբեր էին մեր ողբերգության նկատմամբ:

Բերեմ մի փաստ։ Այդ օրերին էր, որ Հայաստանի Գերագույն խորհուրդը դիմեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդին, պահանջելով հրավիրել արտահերթ համագումար՝ քննելու համար հայ ժողովրդի դեմ բանակի եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ականների կողմից սանձազերծված անօրինականությունները։ Եվ, Գերագույն խորհուրդը նույն ժողովրդավար պատգամավորների հետ միասին, կարելի է ասել, համարյա միաձայն մերժեց Հայաստանի պահանջը։

Այդ ժամանակ էր, որ Հայաստանը պաշտոնապես դատի տվեց Պուգոյին եւ պահանջեց նրան ենթարկել քրեական պատասխանատվության, բայց Մոսկվայում քմծիծաղով ընդունեցին մեր պահանջը։ Եվ ահա այսօր Պուգոն ինքնասպանության փորձ է անում։

Կրկնում եմ, հեղաշրջումը կատարվեց այն ուժերի կողմից, որոնց վրա վեց տարի շարունակ հենվել է Գորբաչովը։ Դրանք իր մարդիկ են, իրեն հավատարիմ ծառայած մարդիկ, իր հետ միասին անմեղ արյան մեջ մեղսակից մարդիկ:

Հեղաշրջման մեջ մեղքի իր բաժինն ունի նաեւ Արեւմուտքը։ Արեւմտյան երկրների ղեկավարները, թեեւ այս վերջին երեք օրերին գրավեցին սկզբունքային դիրք, գուցեեւ որոշ չափով օգնեցին Խորհրդային Միության ժողովրդավար ուժերի հաղթանակին, բայց Գորբաչովի նկատմամբ դրսեւորած նրանց անվերապահ վստահությունը, այն փաստի անտեսումը, որ Խորհրդային Միության մեջ բացի Կենտրոնից առաջացել են արդեն նոր, իրական քաղաքական ուժեր՝ հանձինս հանրապետությունների, որոնց հետ պետք է հաշվի նստել՝ բթացրին Գորբաչովի զգոնությունը եւ ռեալիզմի զգացումը: Արեւմուտքը փաստորեն շփացրեց Գորբաչովին, նրան երբեւէ չզգուշացրեց այնպիսի վտանգներից, որոնց առջեւ մենք, ահա, կանգնեցինք, եւ դրանով որոշ չափով նպաստեց տեղի ունեցած հեղաշրջման նախապատրաստմանը:

Ամփոփելով վերը ասվածը, հարկադրված եմ նշել, որ Գորբաչովը ոչ թե հեղաշրջումն իրագործած ուժերի զոհն է, այլ՝ այդ ուժերը Գորբաչովի աշակերտներն են: Այսպիսով նա պետք է հավասարապես պատասխան տա կատարված պետական հանցագործության համար եւ չպետք է տիրի այն դափնիներին, որոնց արժանի է միայն ու միայն Բորիս Ելցինը:

Մի քանի խոսք Հայաստանի իշխանությունների այս երեք օրերի ընթացքում գրաված դիրքի մասին, ինչը ձեզ ընդհանուր առմամբ հայտնի է: Մեր ժողովուրդն ունի վտանգի չափազանց խոր զգացում, շատ առողջ բնազդ, ինչին, իհարկե, օգնել է պատմության դառը դասը, մանավանդ՝ վերջին 3-4 տարիների մեր ճակատագիրը, երբ Հայաստանը դարձել էր խորհրդային ֆաշիզմի փորձադաշտ։ Եվ այդ փորձադաշտից արդեն ստուգված փորձը, ի վերջո, տեղափոխվեց Մոսկվա: Սա պետք էր կանխատեսել։ Մոսկվան դա վաղուց պետք է գիտակցեր:

Արհավիրքի այս պատասխանատու պահին հայ ժողովրդի բոլոր ուժերը, բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպություններն ու կուսակցությունները ցուցաբերեցին առողջ գիտակցություն, զգոնություն, զգաստություն եւ կարողացան ազգային շահը վեր դասել ամեն տեսակ շահերից: Սա ես նշում եմ մեծ գոհունակությամբ եւ ուրախությամբ։

Հայտնի է, որ թեեւ խաղաղ պայմաններում մենք կարող ենք իրար նկատմամբ անհանդուրժող լինել, շատ անգամ հանրային շահը մոռանալով, առաջնորդվել միայն ու միայն խմբային, անձնական նկատառումներով, բայց վճռական պահերին մեր ժողովուրդը գիտե հավաքվել, զգալ վտանգը: Սա փաստվել է բազմիցս. առաջին անգամ, որ բոլորիս համար անակնկալ էր, այդ հատկությունը հայ ժողովուրդը դրսեւորեց լիբանանյան երկարատեւ ճգնաժամի տարիներին, երբ մի կողմ դրվեցին կուսակցական հակասությունները, եւ Լիբանանի հայ համայնքը փրկվեց մահացու վտանգից: Այսպիսի ապացույցներ մեր ժողովուրդը տվել է նաեւ վերջին երեքուկես տարիների ազգային-ազատագրական պայքարի մի քանի հանգրվաններում, իսկ ամենամեծ ապացույցը տվեց ահա այս վերջին հեղաշրջման օրերին։

Մեր ժողովրդի արձագանքին համապատասխան` գործեցին նաեւ հանրապետության իշխանությունները։ Հայաստանի ընտրյալ իշխանությունները որդեգրեցին սահմանադրական կարգի պահպանման եւ հանրապետության սոցիալ-քաղաքական իրավիճակի կայունության ապահովման վճռական դիրք, հասկանալով, որ մենք իրավունք չունենք վտանգելու մեր ժողովրդին, գիտակցելով, որ հարվածը կարող է ուղղվել անմիջապես մեր դեմ, որովհետեւ մեր արյանը աշխարհն ու Խորհրդային Միությունն արդեն վարժված են։ Այնտեղ կարող էին հարյուրավոր մարդկանց արյուն թափել, տասնյակ գյուղեր տեղահան անել եւ դա ոչ ոք չէր նկատի: Մինչդեռ մի Մոսկվայի չորս զոհը աշխարհը նկատեց։ Իսկ մեզ մոտ խենթ գեներալի հրամանով կարող էին կատարվել դեպքեր, որոնք հետո, տասնյակ տարիների ընթացքում իսկ հնարավոր չէր լինի շտկել։ Պատկերացրեք, այս թոհուբոհի մեջ Ղարաբաղում դատարկեին եւս քսան հայկական գյուղ։ Դրանից հետո մենք կկանգնեինք փաստի առջեւ եւ տարիների ընթացքում ըստ երեւույթին չկարողանայինք վերականգնել այդ կորուստը:

Ստույգ տվյալներով Հայաստանը մտնում էր այն հանրապետությունների մեջ, որտեղ ծրագրված էր մտցնել արտակարգ դրություն։ Արդեն օգոստոսի 18-ին Մոսկվայից հավատարիմ մարդկանց միջոցով մենք լուր ստացանք, որ հաջորդ օրը Երեւան է ժամանելու տասը գեներալ։ Նրանք իրոք ժամանեցին, ընդ որում՝ արտակարգ լիազորություններով, որպեսզի ստանձնեն արտակարգ իրավիճակի տնօրինությունը Հայաստանում։ 

Ես հանդիպում ունեցա նրանց հետ։ Սկզբում նրանք զգույշ էին, զգում էին, որ Հայաստանում իրավիճակը կայուն է, նորմալ։ Նրանց ասվեց, որ ցանկացած դեպքում բոլորին է ձեռնտու է, որ Խորհրդային Միության մեջ որքան հնարավոր է շատ շրջաններում հանգստություն տիրի: Եվ որ դա մենք կատարում ենք ոչ թե իրենց համար, այլ հանուն մեր ժողովրդի, հանուն այն բանի, որ այս փորձանքից մենք անկորուստ դուրս գանք։ Բարեբախտաբար, զինվորականներին ըստ երեւույթին դա համոզեց։

Այս առումով, գոհունակությամբ պետք է նշեմ նաեւ, որ Հայաստանում տեղաբաշխված [խորհրդային] բանակի հրամանատարությունը նույնպես ըմբռնումով վերաբերվեց մեր դիրքորոշմանը, փոխադարձ պայմանավորվածությամբ զինվորականները նույնիսկ պակասեցրին իրենց համար անհրաժեշտ տեղաշարժերը:

Ստեղծված իրարանցման մեջ Ադրբեջանը փորձեց նորից ակտիվ գործողությունների անցնել։ Գիտենք, որ վերջին օրերին, հեղաշրջումից առաջ, արցախահայությունը, շահումյանցիները ցույց էին տվել դիմադրության, ինքնապաշտպանության սխրանքներ եւ որոշ չափով կարողացել էին վերականգնել կորցրած դիրքերը։ Մասնավորապես Հադրութի շրջանում մայիս ամսին տեղահանված որոշ գյուղեր վերագրավվեցին ինքնապաշտպանության մարտիկների կողմից: Շահումյանի շրջանում, Վերիշենի մերձակա բարձունքներից, նախ բանակը ետ քաշվեց, ապա հայ ինքնապաշտպանության մարտիկների կողմից քշվեցին ադրբեջանցի ՕՄՕՆ-ականները, գործողությունները տեղափոխվեցին Շահումյանի մեր երեք կորցրած գյուղերը՝ Բուզլուխ, Էրքեջ եւ Մանաշիդ, ուր երկու օր լուրջ մարտեր էին տեղի ունենում։ Ինչպես նշվեց, Ադրբեջանը փորձեց օգտվել ստեղծված խառնաշփոթ վիճակից ու 2 օր անընդմեջ զորքերի միջոցով ձգտեց տեղահանել Վերիշենի հայ բնակչությանը։ Գործողություններին ստույգ տվյալներով մասնակցում էին խորհրդային զորքերը, որոնք զրահամեքենաներով, ուղղաթիռներով եւ թնդանոթներով երկու օր շարունակ գնդակոծում էին Վերիշեն գյուղը։ Օգոստոսի 20-ին մեզ հաջողվեց կասեցնել հարձակումը, դադարեցնել ռմբակոծությունը եւ զորքը ետ քաշել։ Բայց նունիսկ երեկ, երբ արդեն պարզ էր, որ հեղաշրջումը տապալված է եւ նրա պարագլուխները ձերբակալման վտանգի տակ են, չորրորդ բանակի 23-րդ դիվիզիան նորից հարձակում սկսեց Վերիշենի վրա: Ամբողջ գիշեր գյուղը գնդակոծվել է, նրա վրա արձակվել է 60 արկ, կան վիրավորներ (որոնցից մեկը ծանր), քանդված տներ: Հիմա կարծես թե հարձակումը դադարել է:

Ահա այսպիսի պայմաններում, երբ Հայաստանում, Ղարաբաղում ու Շահումյանում հնարավոր էին անդառնալի կորուստներ, մենք իրավունք չունեինք գրավելու այլ դիրք, քան այն, որը գրավեցինք։ Եվ սա ըմբռնումով ընկալվեց եւ՛ Գերագույն խորհրդի նախագահությունում, եւ՛ կառավարությունում, եւ՛ բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպությունների ու մեր ողջ ժողովրդի կողմից:

Վերը ասվածը, անշուշտ, ընդամենը կատարվածի թռուցիկ վերլուծությունն է, այն դեռ լուրջ ուսումնասիրության կարիք ունի, մանավանդ՝ հեռանկարների առումով, մեր քաղաքականության վերաիմաստավորման առումով: Կարծում եմ հեղաշրջման լույսի տակ շատ հարցեր ստացան իրենց պատասխանը, եւ մեզ մոտ շատ մարդիկ պետք է վերանայեն իրենց մոտեցումները թե՛ միութենական պայմանագրի, թե՛ մեր ազգային կողմնորոշումների վերաբերյալ ու վերջապես դադարեցնեն իրենց պրոֆեսորական-պարզունակ քարոզչական դասախոսությունները:

Ինչպիսի՞ Միության էին մեզ կոչ անում միանալու այդ քարոզիչ դաստիարակները։ Մի Միության, ուր ամեն րոպե հնարավոր էր ստալինիզմի եւ ֆաշիզմի վերականգնումը։ Եվ արդյո՞ք սրանից հետո Հայաստանում կգտնվի մի մարդ, որը դեմ կլինի հանրաքվեին եւ կողմ կքվեարկի, միութենական պայմանագրի ստորագրմանը:

Մենք գործ չունենք ստալինիստների եւ ֆաշիստների հետ: Մեր ապագան մենք չենք կարող վստահել մի երկրի, որտեղ ամեն րոպե հնարավոր է ֆաշիստական հեղաշրջում»:

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆ․

— Ինչպիսի՞ ծրագիր ուներ Հայաստանի իշխանությունը հեղաշրջումը հաջողելու դեպքում։ Ինչո՞վ է բացատրվում, որ արտակարգ կոմիտեի ստեղծումից հետո որոշ պահպանողականություն նկատվեց հանրապետական մամուլում:

— Մամուլին պետք չէ մեղադրել։ Ելնելով մեր այն դիրքորոշումից, որ անհրաժեշտ է զգուշորեն, հաշվենկատ գործել, բացարձակապես չոգեւորվել, չտրվել կրքերի, որպեսզի չվտանգենք մեր ժողովրդին, ես հանդիպեցի պարբերականների ղեկավարների հետ եւ նրանց խնդրեցի միառժամանակ որքան հնարավոր է զուսպ լինել, մինչեւ իրավիճակի հստակեցումը մի կողմ դնել քաղաքական սուր բանավեճերը, մեկնաբանությունները, չստուգված լուրերը եւ առայժմ բավարարվել պաշտոնական լրատվությամբ։ Եվ սա ըմբռնումով ընկալվեց մամուլի աշխատողների կողմից:
Ինչ վերաբերում է նրան, թե հեղաշրջման հաջողության դեպքում մենք ինչ ծրագրեր ունեինք եւ արդյո՞ք ինչ-որ միջոցներ ձեռնարկել էինք, պետք է ասեմ, որ այո՛, որպես իշխանություն, պատասխանատվություն զգալով մեր ժողովրդի առջեւ մենք պետք է նախապատրաստվեինք վատթարագույնին: Թեեւ պաշտոնապես մենք զբաղեցրել էինք համեմատաբար զուսպ դիրք, որպեսզի անկորուստ կարողանանք դուրս գալ այս չափազանց վտանգավոր իրավիճակից, բայց ներքին կարգով մենք մեր համերաշխությունն էինք հայտնել Ռուսաստանի պայքարին: Մասնավորապես առաջին օրն իսկ մեր մի խումբ պատգամավորներ ուղարկվել էին Մոսկվա, Ռուսաստանի պատգամավորների հետ հարաբերություններ հաստատելու եւ մեր աջակցությունը նրանց հայտնելու համար: Բացի այդ, Հայաստանից մի շարք քաղաքացիներ իրենց մասնակցությունն էին բերել նաեւ Ռուսաստանի խորհրդարանի պաշտպանությանը: Հիմա կարող եմ ասել, որ երկու օր առաջ մեր պաշտպանության կոմիտեն ընդունել էր գաղտնի որոշում եւ իր ամբողջ միջոցները բերել այնպիսի վիճակի, որը իրերի վատթարագույն զարգացման դեպքում հնարավորություն կտար վարելու քողարկված պարտիզանական պայքար։ Ստեղծված էր գաղտնի ռադիոկայան՝ արտակարգ իրավիճակում հաղորդումներ վարելու համար։
Համապատասխան աշխատանք էր տարվել նաեւ քաղաքական կուսակցությունների հետ։ Մասնավորապես ՀՀՇ-ն եւ Ռամկավար-ազատական կուսակցությունը թաքցրել էին իրենց կապի ու տեխնիկական միջոցները՝ անլեգալ պայմաններում գործելու եւ շարժումը պահպանելու նպատակով:

— Պարոն նախագահ, ասացեք խնդրեմ, արդյոք այս երեք օրվա ընթացքում Հայաստանում եղան կազմակերպություններ, որոնք աջակցեցին արտակարգ կոմիտեի որոշումներին:

— Նրանք դրա ժամանակը չունեցան: Վստահ եմ, որ եթե հեղաշրջումը մի քիչ ձգվեր կամ արագ հաղթեր, այդ ուժերը հրապարակ կգային։ Արդեն նշեցի, որ բոլոր կուսակցությունները, քաղաքական կազմակերպությունները ըմբռնումով գնահատեցին Հայաստանի իշխանությունների գրաված դիրքը եւ ամեն ինչով նպաստեցին հանրապետությունում կայունության ապահովմանը։ Թեև ես հեղաշրջման մեջ մեղադրեցի ԽՄԿԿ-ին, բայց պետք է նշեմ, որ Հայաստանի կոմկուսը հանդես բերեց զսպվածություն եւ դրականորեն նպաստեց իշխանությունների դիրքի ամրապնդմանը։
Սակայն առանձին երեւույթներ, համենայն դեպս, նկատվեցին, մասնավորապես, կոմունիստական կուսակցության նախկին պաշտոնեության, այսպես կոչված՝ տուժածների շրջանակներում: 

— Կարելի՞ է, արդյոք, ենթադրել, որ ոչ այնքան հեռավոր ապագայում պրեզիդենտ Գորբաչովը կամ հրաժարական կտա, կամ նրան կհեռացնեն իշխանությունից եւ, եթե դա կատարվի, արդյո՞ք դա չի հանգեցնի նրան, որ Ռուսաստանը դառնա որոշակի զսպիչ, Կենտրոնի ֆունկցիա կատարող ինչ-որ մի օղակ։

— Երբ ասում էի՝ Գորբաչով, նկատի չունեի նրա անձը: Ես նկատի ունեի այն սոցիալական բազան, որի արտահայտիչն է Գորբաչովը։ Դա Կենտրոն կոչված մակաբույծն է: Եթե իսկապես ստեղծվում է անկախ, իրավահավասար պետությունների համագործակցություն, ապա բոլորը գիտակցում են, որ այդ պետություններին Կենտրոն պետք չէ: Կենտրոնը միայն բեռ է եւ ոստիկան։ Եվ սա եւս մեկ անգամ ապացուցվեց: Կենտրոնի վերացմամբ Գորբաչովի հարցերն էլ լուծվում են։ Կրկնում եմ, այստեղ կարեւոր չէ Գորբաչովի անձը։ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԵՎՈՒՅԹ ՊԵՏՔ Է ՉՔԱՆԱ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ:

— Կլինե՞ն, արդյոք, փոփոխություններ Հայաստանի քաղաքական օրացույցում, խոսքս սեպտեմբերի 21-ի հանրաքվեի եւ հոկտեմբերի 16-ի ընտրությունների մասին է։

— Անկախության հանրաքվեի եւ նախագահական ընտրությունների վերաբերյալ պետք է ասեմ, որ անգամ այսօր, երբ վիճակն այնքան էլ որոշ չէ, ոչ մի հարկ չկա վերանայելու այդ որոշումների անցկացման կարգը։ Հակառակը, այս երկու գործընթացները բնականոն հունով պետք է շարունակվեն:

«Հայաստանի Հանրապետություն», 1991թ․

Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան էջից