Ուժեղ երկրաշարժ Սիրիայում ու Թուրքիայում. կան զոհեր, վիրավորներ (տեսանյութ)
7,5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի 6 շրջաններում, ցնցումներ են գրանցվել նաև հարևան Սիրիայում, բազմաթիվ քաղաքներում կան ավերածություններ, կան զոհեր
«Քահրամանմարաշ-Պազարչիկ կենտրոնում 7,4 մագնիտուդով երկրաշարժը, որը տեղի է ունեցել 04.17-ին (Երևանի ժամանակով 05.17), ինտենսիվորեն զգացվել է մերձակա նահանգներում, հատկապես Հաթայում, Ադանայում, Օսմանիեում, Դիարբեքիրում, Մալաթիայում և Շանլըուրֆայում», - ասված Է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով ՝ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գազիանթեփից 27 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Ըստ թուրքական իշխանությունների՝ նախնական տվյալներով կա 76 զոհ ու 440 վիրավոր։
Ինչպես հաղորդում է «Սուրիա» պետական հեռուստաալիքը, Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի որոշ շրջաններում բազմաթիվ շենքեր են փլուզվել: Սիրիական «Ալ Վաթան» թերթը հայտնել է, որ Համայի Ալ Արբաին թաղամասում մասամբ փլուզվել են մի քանի շենքեր։
Սիրիայում հաղորդվում է 42 զոհի ու ավելի քան 200 վիրավորի մասին։
«Նախնական տուեալներով Հալէպի մէջ զոհուածներուն թիւը հասած է 111-ի, որոնց մէջ կան երեխաներ եւ կանայք։ Հալէպի այսքան ծանր վնասուելու պատճառը պատերազմին հետեւանքով վնասուած շէնքերուն փուլ գալն է, եւ մինչեւ այս պահը քաղաքացիներ կը շարունակեն փլատակներու տակ մնալ։
Կլիմայական պայմանները կը դժուարացնեն փրկարարներուն գործը եւ իրադրութիւնը կը շարունակէ մնալ տագնապալի», ֆեյսբուքի իր էջում գրել է Սագօ Արեանը:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում և Սիրիայում մահացածների թիվը շարունակում է աճել, հազարավոր վիրավորներ կան:
Հիշեցնենք՝ Հայաստանում այսօր՝ փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 04:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 00:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․1 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Աշոցք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։