Փաշինյան. Ես այդ թուղթը ստորագրելու եմ
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել երեկ համացանցում Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթուղթը։
«Այն լուծումները, որով մենք մեր միջազգային գործընկերների հետ ձեռք ենք բերել նախնական համաձայնություններ, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին, ոչ թե 99.9։ Եվ, այո, եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ես այդ թուղթը ստորագրելու եմ»,- հայտարարեց Փաշինյանը։
Ըստ նրա, ինքն այս թուղթը չի հրապարակում, քանի որ կոռեկտ չէ, քանի դեռ այն քննարկման փուլում է։
Ինչ վերաբերում է Մինասյանի հրապարակելու փաստին, Փաշինյանը նախ շեշտեց, որ դրա մի մասը ծածկված էր սևով ու մեկնաբանված, թե ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ։
«Բա եթե այդպես է, ուրեմն, ընդհակառակը` դրա տողերը ոչ թե պետք է ծածկվեն, այլ բացվեն ու ներկայացվեն հանրությանը։ Բա ինչու՞ եք թաքցնում։ Այս գործողությունները այլ կերպ, քան Ադրբեջանի գործակալական ցանցի գործունեություն ես չեմ կարող որակել»,– ասաց նա։
Ըստ Փաշինյանի, պետք է վերլուծել, թե որտեղից են այդ փաստաթղթերը հայտնվում նման մարդկանց մոտ։ Իր համոզմամբ` միակն աղբյուրը Ադրբեջանն է, քանի որ քննարկումները եռակողմ են` Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան։
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մայիսի 19-ին ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ երեկ երեկոյան ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։
Նրա խոսքով` Այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։
Համաձայն այդ փաստաթղթի՝ Նիկոլ Փաշինյանն ստորագրելու համար Ալիևի առաջ 3 նախապայման է դրել. հետ քաշել ադրբեջանական զորքերը Հայաստանից, մինչև ընտրությունները գոնե մի քանի գերի վերադարձնել և հնարավորինս անորոշ դարձնել 6 գյուղերի փոխանցման ձևակերպումները՝ իր հեշտ վերընտրությունն ապահովելու համար: ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարվել է որևէ առնչություն ունենալ այս փաստաթղթի հետ՝ նշելով, որ ԱԳՆ-ն դեմ է դրան: