«  Հուլիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


Լևոն Զարգարյան. «Դեօլիգարխիզացիա»

Լևոն Զարգարյան. «Դեօլիգարխիզացիա»

«Դեօլիգարխիզացիա»
(Գագիկ Ծառուկյանի ձերբակալման առթիվ Արման Գրիգորյանի կողմից հնչեցված մի քանի հարցերի համատեքստում)

Գագիկ Ծառուկյանի կալանավորման, նրան պատկանող մոտ 70 հասցեներում (որոնք վճարում էին միլիարդավոր դրամների հարկեր և աշխատանքով ապահովում հազարավոր քաղաքացիների) իրականացված խուզարկությունների, դրանց գործունեության ժամանակավոր դադարեցման և անգամ կենդանիների ու խրտվիլակների առգրավման «պատմության» մեջ ուշագրավ է մեկ այլ դրվագ:

Իշխանական և մերձիշխանական քարոզիչներն այլևս չեն թաքցնում, որ նրա նկատմամբ հետապնդումն իրականացվում է ոչ թե իրավական հարթության մեջ, այլ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Եվ եթե մինչ ընտրությունները նրանք ընդդիմության նկատմամբ իրականացվող գործունեությանը փորձում էին տալ ինչ-որ իրավական հիմնավորում, ապա հետընտրական Հայաստանում այդ հիմնավորումներն ստանում են այլ՝ ականջահաճո և էմոցիոնալ մակարդակի փաթեթավորում։

Մասնավորապես․ 

1․ «Ծառուկյանը օլիգարխ է, և իշխանությունը մաքրում է քաղաքականությունը օլիգարխներից»։

Սկսենք սահմանումից․ «Օլիգարխը քաղաքական համակարգում գործող մեծահարուստ է, ով մեծ ազդեցություն ունի քաղաքական որոշումների ընդունման վրա»։ Սակայն․

  • ինքը Փաշինյանը, 2018 թ․ իշխանության գալուց հետո, հրապարակայնորեն հայտարարել էր, որ «Գագիկ Ծառուկյանն օլիգարխ չէ»։ Առաջանում է տրամաբանական հարց՝ եթե Ծառուկյանը 2018թ․ դրությամբ օլիգարխ չէր, որտե՞ղ և ինչպե՞ս է դրսևորվել նրա ազդեցությունը քաղաքական որոշումների վրա հետագա 8 տարիներին (որոնցից 3-ի ընթացքում նա եղել է ընդդիմադիր պատգամավոր)։ Ե՞րբ և ո՞ր փուլում է Ծառուկյանը վերածվել օլիգարխի՝ ըստ փաշինյանական տրամաբանության։
  • Քաղաքական որոշումների վրա (առնվազն 2021-2026թթ․ ընթացքում) վստահաբար ազդեցություն է ունեցել մեկ այլ մեծահարուստ գործարար՝ Խաչատուր Սուքիասյանը, ով, ի տարբերություն Ծառուկյանի, իշխող կուսակցության պատգամավոր էր։ Պաշտոնապես նրանք երկուսն էլ գործարար չէին, քանի որ իրենց գույքը հանձնել էին հավատարմագրային կառավարման։

 

2. «Սա կոռուպցիայի դեմ իրական պայքար է՝ ուշացած, բայց ողջունելի»։

Եթե իշխանությունները որոշել են պայքարել կոռուպցիայի և հարկերի թաքցման դեմ, ինչո՞ւ են (թեկուզ ժամանակավորապես) դադարեցնում մոտ 70 բիզնեսների գործունեությունը, որոնցից միայն Արարատցեմենտը և կոնյակի գործարանը նախորդ տարի վճարել են յուրաքանչյուրը 5-6 մլրդ դրամի հարկ և աշխատանքով ապահովել հարյուրավոր և հազարավոր անձանց։ Այս թվերը չեն կարող «կոռուպցիայի դեմ պայքարի» դրական հետևանք համարվել։ Կոռուպցիայի դեմ իրական պայքարն ուղեկցվում է ինստիտուցիոնալ բարեփոխումներով, պետական ապարատի և իրավական համակարգի ամրապնդմամբ, ոչ թե բիզնեսների արագացված փակմամբ և միլիարդավոր դրամների հարկային եկամուտների կարճաժամկետ կորստով։

3․ «Ծառուկյանը հանցագործ բիզնեսմեն է, ոչ թե ընդդիմադիր գործիչ»։

Այս թեզի հիմնական թուլությունը ժամանակի գործոնն է։ Ենթադրյալ հանցագործությունը վերաբերում է 2022-2024 թթ․, իսկ կալանավորումը տեղի է ունենում 2026թ․։ 4 տարվա ընթացքում կարելի էր հարուցել քրեական գործ, ձերբակալել կասկածյալին, սկսել դատական գործընթաց։ Բայց դրա փոխարենը նախընտրական շրջանում Փաշինյանը Ծառուկյանին որակել «լրտես»։ Ընդ որում, լրտեսությունն առաջադրվող մեղադրանքների ցանկում բացակայում է։ Իսկ ապօրինի որսի մասին մեղադրանքը երևի քննարկելու կարիք չկա։

4․ «Ծառուկյանը ռուսամետ/բելառուսամետ գործիչ է»։

Սա թերևս ամենաաբսուրդային թեզն է, որը փաստացի ինքնախոստովանություն է։ Հայաստանի Սահմանադրության 29-րդ հոդվածն արգելում է խտրականությունն՝ այդ թվում քաղաքական հայացքներից ելնելով։ Ռուսամետությունը, արևմտամետությունը կամ արտաքին քաղաքական այլ հայացքները չեն կարող հանդիսանալ քրեական հետապնդման կամ պատասխանատվության հիմք։ Ուստի երբ որոշ քարոզիչներ կիրառում են այս թեզը, նրանք փաստացի ընդունում են, որ գործ ունենք քաղաքական, ոչ թե քրեական հետապնդման հետ։

Վերոնշյալ 4 թեզերից յուրաքանչյուրը չունի որևէ տրամաբանական հիմք ստեղծված իրավիճակի համատեքստում։ Բայց այս թեզերի առաջացումն ինքնին իշխանական քարոզչական մեքենայի ինքնախոստովանություն է, քանի որ դրանց հիմքում չի դրվում «Ծառուկյանը հանցագործություն է կատարել, հետևաբար պետք է կրի պատասխանատվություն» եզրույթը։ Քարոզիչները ոչ թե փորձում են հասարակությանը մատուցել այս գործընթացն իրավական դաշտում (որտեղ ապացուցողական բազան թույլ է), այլ ապավինում են հոգեբանական մեխանիզմներին։

«Ռեսենտիմենտ» տերմինը, առաջ քաշված Նիցշեի կողմից, իսկ հետագայում մշակված գերմանացի փիլիսոփա Մաքս Շելերի կողմից, ենթադրում է, որ թույլերի հասարակական ուժը կայանում է ոչ թե ուժեղներին դիմադրելու, այլ ուժեղների արժեքները շրջելու մեջ։ Այն, ինչ ուժեղների համար հպարտության հիմք էր (հարստություն, հաջողություն, մեծ բիզնես, ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարում), դառնում է թույլերի համար բարոյական մեղքի ցուցիչ։ «Ինչու է նա հարուստ» հարցին բնական պատասխանը դառնում է «քանի որ գողացել է»։ Այս մեխանիզմն ապահովում է թույլերին բարոյական գերազանցության զգացողություն՝ առանց իրական ռեսուրսների կուտակման, և ապահովում է իշխանությունների կողմից ակնհայտ քաղաքական հետապնդման լեգիտիմությունը։ 

Հ․Գ․ Օլիգարխների դեմ պայքարի մեկ այլ «առաջամարտիկ» էր 2000-ականների սկզբի Պուտինը։ Նրա՝ իշխանության գալուց ամիսներ անց (2000թ. հուլիս) ձերբակալվեց «Медиа-Мост»-ի և «НТВ»-ի սեփականատեր Վլադիմիր Գուսինսկին (հետագայում նա լքեց Ռուսաստանը, իսկ 2001թ․ «НТВ»-ի վերահսկողությունն անցավ «Газпром»-ին)։ Նույն ժամանակահատվածում քրեական գործեր հարուցվեցին Բորիս Բերեզովսկիի նկատմամբ, ինչից հետո նա արտագաղթեց Մեծ Բրիտանիա և կորցրեց վերահսկողությունը «ОРТ» հեռուստաալիքի և իր այլ ակտիվների նկատմամբ։ 2003թ. հոկտեմբերին հարկերից խուսափելու և խարդախության մեղադրանքով ձերբակալվեց «ЮКОС»-ի ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին, 2005․թ դատապարտվեց ազատազրկման, իսկ 2006-2007թթ․ «ЮКОС»-ը սնանկ ճանաչվեց, և նրա հիմնական ակտիվներն անցան պետական «Роснефть»-ին։ 2003-2005թթ. Ռոման Աբրամովիչն ստիպված եղավ վաճառել «Сибнефть»-ում իր բաժնեմասը, որը 2005թ․ ձեռք բերեց «Газпром»-ը՝ հետագայում վերանվանելով այն «Газпром нефть»։

Լևոն Զարգարյան