Տաթև Զորյան. Իրականությունը շատ ավելի սարսափելի է
Աշխարհի ժողովուրդների պատմության մեջ հնարավոր չէ գտնել գեթ մեկ օրինակ, երբ սեփական ժողովրդի դեմ ցեղասպանական գործողություններ, 44-օրյա պատերազմ, 10-ամսյա շրջափակում և բռնի տեղահանություն իրականացրած բռնապետին ջախջախված երկրի ղեկավարը հռչակի «խաղաղության մրցանակի հավասարապես արժանի»։
Իրականությունը, ցավոք, շատ ավելի սարսափելի է.
1. Ալիևին խաղաղարարի քողով ներկայացնելով Փաշինյանն, ըստ էության, արդարացնում է ուժի կիրառումը, պատերազմը, ագրեսիան և էթնիկ զտումները և դրանք համարում որպես «խաղաղության հասնելու» լեգիտիմ գործիք։
2. Սա բացահայտ անարգանք է Արցախի և Հայաստանի համար նահատակված հազարավոր հայորդիների հիշատակի, ինչպես նաև հայրենազրկված արցախահայության ողբերգության հանդեպ։
3. Մինչ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ու ատյանները փորձում են իրավական գնահատական տալ Ադրբեջանի ռազմական հանցագործություններին, Հայաստանի վարչապետը միջազգային ամբիոնից ինքնակամ մաքրագործում է Ալիևի կերպարը՝ զրկելով Հայաստանին հետագա իրավական և քաղաքական պահանջատիրության որևէ կռվանից։
4. Սա պետական մտածողության լիակատար բացակայության ապացույց է, որտեղ «խաղաղություն» եզրույթը նույնացվում է միակողմանի զիջումների, թշնամու առջև ծնկելու և սեփական իրավունքներից իսպառ հրաժարվելու հետ։
5. Տեսնելով, որ Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է անգամ սեփական ժողովրդի զրկանքների և կորուստների գնով գովաբանել իրեն, Բաքվի բռնապետական ռեժիմն ավելի է մեծացնում իր հավակնություններն ու ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի ինքնիշխան տարածքների (Սյունիք, Տավուշ, Գեղարքունիք) նկատմամբ։
6. Երբ պետության ղեկավարը կորցնում է իրատեսության, արժանապատվության և պետական շահի զգացումը (եթե, իհարկե, ունեցել է), պետությունը դադարում է ընկալվել որպես միջազգային հարաբերությունների լուրջ և հարգված սուբյեկտ։
Այս հայտարարությունը պատմության մեջ մտնելու է որպես քաղաքական և բարոյական անկման դասագրքային օրինակ։ Պետականության կործանումը սկսվում է հենց արժեքների, պատմական հիշողության և արժանապատվության ուրացումից։
Հայաստանի և հայ ժողովրդի ապագան չի կարող կառուցվել սեփական դահճին գովերգելու և ազգային ողբերգությունը «խաղաղության մրցանակով» փաթեթավորելու վրա։ Ազգային պետականության վերականգնումը ենթադրում է առաջին հերթին հրաժարում այս կործանարար, անպատասխանատու և ծաղրական քաղաքական գծից։
ՀԱԿ վարչության անդամ
Տաթև Զորյան


