Բոլոր սրբերի՝ հների և նորերի, հայտնիների և անհայտների տոնը
«Հայ Եկեղեցին այս տոնով նշում է բոլոր այն սրբերի հիշատակը, որոնց անունները չեն անցել Տոնացույցի կամ եկեղեցական օրացույցի մեջ, սակայն նրանց սուրբ անունները գրված են Երկնքի արքայության սրբազան մատյանում:
Քրիստոնեական հալածանքների և հավատի համար մղված բազում պատերազմների ժամանակ շատերն են նահատակվել, որոնց անունները, ցավոք, չեն պահպանվել և հասել մեզ: Ուստի, եկեղեցին հաստատել է այս նվիրական տոնը հենց նրանց հիշատակը ոգեկոչելու համար: Անձեր, որոնք իրենց թանկ արյունը հեղեցին հանուն Քրիստոսի և նրա խորհրդավոր մարմնի` եկեղեցու շինության»
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Բոլոր սրբերի՝ հների և նորերի, հայտնիների և անհայտների տոնը։ Իսկ Երուսաղեմում մեր Եկեղեցին հին տոմարով նշում է Չորս Ավետարանիչների տոնը։
Սուրբ Հարության Տաճարում, գիշերային ժամերգության ընթացքում, Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վրա մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ընթացքում հիշատակվեցին սուրբ Ավետարանիչներ Մատթեոսը, Մարկոսը, Ղուկասը և Հովհաննեսը։
Իսկ մինչ այդ՝ աղոթքի ժամին, հայցեցինք մեր սուրբ հայրերի բարեխոսությունն առ Աստված, որպեսզի Տերը լուսավորի մեր ժողովրդի միտքն ու սիրտը, օգնի մեզ զանազանելու ճշմարտությունը մոլորությունից, բարին՝ չարից, խափանի չարի բոլոր ծրագրերը, պահպանի մեր ժողովրդին հոգևոր մոլորություններից և զորացնի ճշմարիտ հավատքի մեջ։
Աղոթեցինք նաև, որ Տերն անսասան պահի Իր իսկ հիմնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Սրբոց Յակոբեանց միաբանությունը, մեր հայրենիքը՝ Հայաստանը և Արցախ աշխարհը։
Խնդրեցինք նաև, որ Տեր Հիսուս Քրիստոս Իր անսահման ողորմությամբ խափանի այն ամենը, ինչը վնասում է մեր ժողովրդի հավատքին, սրբություններին ու հոգևոր կյանքին։ Հեռու պահի մեզ խավարի գործերից, ների մեր մեղքերը, պարգևի հոգևոր արթնություն և սթափություն ու առաջնորդի դեպի ճշմարտության ճանապարհը։ Ամեն։


