Հարութ Ուլոյան. Պետական մակարդակի ցինիզմ ուղղված Հայաստանին և հայ ժողովրդին
Ըստ իշխող թիմի՝ սահմանադրության փոփոխության հարցը զուտ մեր ներքին խնդիրն է, և արտաքին որևէ պահանջ մեր առջև դրված չէ։ Սա հայտարարում են, ապա ավելացնում՝ եթե սահմանադրությունը փոխենք, խաղաղության համաձայնագրի հաստատումը կլինի անմիջապես կամ օրերի հարց կլինի (օր․՝ ԱԽՔարտուղար, 19․11․2026)։
Սա հերթական ապացույցն է այն բանի, որ իշխող թիմը հայ ժողովրդին ընկալում է որպես անմեղսունակների։
Եթե խաղաղության հաստատումն իրականություն կդառնա սահմանադրական փոփոխություններից անմիջապես հետո, ապա դա ինքնին նշանակում է, որ սահմանադրության թեման ուղղակիորեն փոխկապակցվել է խաղաղության հաստատման հետ։ «Պահանջ» դնելը կամ չդնելն այստեղ արդեն զուտ էժանագին բառախաղ է, ոչ ավելին։ Եթե այդ երկու օրակարգերը փոխկապակցված են, և մեկի լինելը փոխպայմանավորված է մյուսով, ապա, այո՛, դու դա կարող է «պահանջ» չկոչես, բայց իրականությունը շատ ավելի նողկալի կլինի, քան եթե դու դա «պահանջ» կոչեիր։
Եթե այդ փոխկապակցումն ու փոխպայմանավորումը «պահանջ» չէ, ապա դա պետական մակարդակի ցինիզմ է՝ ուղղված Հայաստանին։ Այսինքն, «ուզում եք փոխեք, ուզում եք՝ մի փոխեք, դա ձեր գործն է, բայց խաղաղությունը ձեզ է պետք, ոչ թե մեզ և մեզնից խաղաղություն չմուրաք», — ահա մոտավորապես սրանք են իրական տրամադրությունները, որոնք իշխող թիմը նույնիսկ բառացի է արտաբերում։
Եվ այս նողկալի տրամադրություններն այս մարդիկ ոչ միայն որդեգրել, այլև սեփականացրել են՝ այդ ամենը ներկայացնելով այնպես, թե մեզնից՝ Հայաստանից, ոչ ոք որևէ պահանջ չունի, և մենք որևէ բան չենք պատրաստվում զիջել և երբևէ չենք զիջել։ Եվ հակառակը՝ զիջել ենք միայն այն ժամանակ, երբ փորձել ենք հակադրվել այլոց օրակարգերին։
Ո՛չ նոյեմբերի 9-ը, ո՛չ նշաձողի իջեցման ազդարարումը, ո՛չ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելը, ո՛չ Ղարաբաղի հայաթափման վրա աչք փակելը, ո՛չ տավուշյան տարածքների միակողմանի հանձնումը, ո՛չ Մինսկի խմբի ցրումը, ո՛չ Սյունիքով միակողմանիորեն անխոչընդոտ ուղու տրամադրումը, ո՛չ հայելային տրամաբանությունից հրաժարումը, ո՛չ սահմանադրությունից հռչակագրի հանման խոստումը․․․ ապագայում՝ ո՛չ զինանշանի փոփոխությունը, ո՛չ «փախստականների» վերադարձը, և այլն, և այլն, — ահա այս բոլոր օրակարգերը, ըստ իշխանական թիմի և իրենց քարոզիչների, իրականություն են դարձել և դառնալու են ոչ թե պարտադրվող պահանջների արդյունքում, այլ այդ ամենն ուղղակի ծագել է ազգի բարերարներ ՔՊ-ականների ուղեղներում՝ որպես ինքնիշխանության արտացոլում։
Այդ օրակարգերի ի հայտ գալն ու իրականություն դառնալը ոչ թե զիջումների կամ պահանջագրերի հետևանք են, այլ սեփական շահերի ըմբռնման արդյունքում արձանագրված հաղթանակ։
Այս ամենն արձանագրելով` հերթական անգամ պետք է զարմանք արտահայտել այն անձանց հանդեպ, որոնք փորձում են իշխող թիմի և նրա ղեկավարի հետ ինչ-որ բանավեճերի մեջ մտնել։
Հարգելիներս, ինչ ուզում եք՝ խոսեք, ինչ փաստ ուզում եք՝ ներկայացրեք, ինչ հակասություններ ցանկանում եք՝ մատնանշեք․․․ այս ամենն արդեն էական չէ՛, արդիական չէ՛։ Մի՞թե այդքան դժվար է ընկալել իրավիճակի փոփոխությունն անցած տարվա օգոստոսի 8-ից և, հատկապես այս տարվա ԱԺ ընտրություններից հետո։ Իշխանական թիմն ու նրա ղեկավարն այլևս չեն բանավիճում ձեզ հետ, չեն էլ փորձում ինչ-որ հակափաստարկներ հորինել, ինչպես նախկինում։ Նրանք ուղղակի պատասխանում են՝ ԼԱՎ ԵՆՔ ԱՐԵԼ ու շարունակելու ենք ԼԱՎ ԱՆԵԼ՝ հավելելով․ եթե դեմ եք, հեռացրեք մեզ, ա՜յ եղկելիներ։
Այս մթնոլորտում շարունակել նույն բանավեճային տրամաբանությունը` նշանակում է մեղանչել իրականության առջև։


