Թելման Պետրոսյան. ՆԱԽԱԳԱՀԸ (մաս 19, տեսանյութ)
Սկիզբը՝ այստեղ
ՆԱԽԱԳԱՀԸ
ՄԱՍ XIX. ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ
ՍՓՅՈՒՌՔ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ
Հայաստանի անկախությունը 1991 թվականին փոխեց նաև հայության աշխարհագրության իմաստը։
Տասնամյակներ շարունակ Սփյուռքը Հայաստանի հետ հարաբերություններում հանդես էր գալիս հիմնականում որպես ազգային հիշողության, մշակույթի և ինքնության կրող։ Անկախ պետության ստեղծումից հետո իրավիճակը փոխվեց։
Այժմ Հայաստանը կարող էր իր դրոշը հասցնել այն երկրները, որտեղ հայերը ոչ միայն ապրում էին, այլև տասնամյակներ ու դարեր շարունակ կառուցել էին իրենց կյանքը։ Եվ այդ քարտեզի վրա արաբական աշխարհը առանձնահատուկ տեղ ուներ։
Սիրիա, Լիբանան, Եգիպտոս և Պարսից ծոցի հայկական համայնքներ, Հյուսիսային Աֆրիկայի հայկական հետքեր․ այստեղ ձևավորվել էր հայկական Սփյուռքի ամենահին և ամենակազմակերպված հատվածներից մեկը։
Լևոն Տեր-Պետրոսյանի համար այս աշխարհը նաև անձնական նշանակություն ուներ։
Նա ծնվել էր Հալեպում՝ 1945 թվականի հունվարի 9-ին։ Հետագայում՝ անկախ Հայաստանի նախագահի պաշտոնում, նրա քաղաքական գործունեության մեջ արաբական աշխարհը դարձավ ոչ թե երկրորդական ուղղություն, այլ Հայաստանի նոր արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը։
ՍԻՐԻԱ
ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՀԱԼԵՊ
Հայաստան–Սիրիա հարաբերությունների մեջ կա մի հանգամանք, որը դրանք դարձնում է առանձնահատուկ։
Սիրիան Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդավայրն է։
Հայաստանի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվեցին 1992 թվականին, իսկ նույն տարվա ապրիլին Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտոնական այց կատարեց Սիրիա:
Այդ այցը նորանկախ Հայաստանի նախագահի առաջին կարևոր քայլերից մեկն էր դեպի արաբական աշխարհ։
Եվ Տեր-Պետրոսյանը Դամասկոսում բանակցում էր ոչ թե որպես Սփյուռքի ներկայացուցիչ, այլ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ։
Այդ տարբերությունը սկզբունքային էր։
Հայաստանը Սիրիայի հետ հարաբերություները կառուցում էր պետական մակարդակով։
ԴԱՄԱՍԿՈՍԻՑ՝ ՀԱԼԵՊ
1992 թվականի նոյեմբերին Սիրիայում բացվեց Հայաստանի դեսպանությունը։
1993 թվականի փետրվարին Հալեպում բացվեց Հայաստանի Գլխավոր հյուպատոսությունը։
Հալեպի ընտրությունը առանձնահատուկ նշանակություն ուներ։ Այստեղ էր կենտրոնացած հայկական մեծ և կազմակերպված համայնքը։
Այսպիսով, Հայաստանը միաժամանակ երկու բան էր անում․ Դամասկոսում կառուցում էր միջպետական հարաբերություներ, իսկ Հալեպում՝ պետական կապ Հայաստանի և Սփյուռքի միջև։
Հետագայում Հալեպի Գլխավոր հյուպատոսությունը դարձավ Սիրիայի հայության հետ Հայաստանի ամենակարևոր կապող օղակներից մեկը։ Արմենպրեսի հրապարակած ուսումնասիրության համաձայն՝ նույնիսկ Սիրիայի հետագա պատերազմի ընթացքում այն դարձավ այն հազվադեպ դիվանագիտական ներկայացուցչություններից մեկը, որը շարունակեց գործել այդ ծանր պայմաններում։
ՍԻՐԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԸ
Հայաստան–Սիրիա հարաբերությունները հետագայում ստացան լայն իրավապայմանագրային հիմք․ երկու երկրների պետական կառույցների միջև ստորագրվել են շուրջ 35 համաձայնագրեր, 15 փոխըմբռնման հուշագրեր և 29 արձանագրություններ՝ քաղաքական, դիվանագիտական, առևտրատնտեսական, կրթական և մշակութային ոլորտներում։
Մի հուշագրավ պատմություն պատմեմ։
1992 թվականին, նախագահ Հաֆեզ ալ-Ասադի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելության ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ ելույթով դասական արաբերենով։ Թեեւ սիրիական արարողակարգով նախատեսված չէր ելույթների փոխանակումը, սակայն Հաֆեզ Ասադն, ի պատասխան, արտահայտվեց հուզիչ ճառով։ Նույն օրն եւեթ Հայաստանի եւ Սիրիայի նախագահների ելույթները հրապարակվեցին գրեթե բոլոր արաբական երկրների հեռուստառադիոկայաններով։
ԵԳԻՊՏՈՍ
ԱՌԱՋԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԵԾ ԴՈՒՌԸ
Եթե Սիրիան Տեր-Պետրոսյանի համար ուներ անձնական և հայկական համայնքի առումով բացառիկ նշանակություն, ապա Եգիպտոսը ուներ այլ կարգի քաղաքական կշիռ։
Կահիրեն արաբական աշխարհի խոշոր քաղաքական կենտրոններից էր։
Եգիպտոսը դարձավ առաջին արաբական երկիրը, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը։
1992 թվականին այն նաև դարձավ Մերձավոր Արևելքում Հայաստանի դիվանագիտական ներկայության առաջին ուղղությունը։
1992 թվականի մայիսին Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտոնական այցով մեկնեց Եգիպտոս։
Արմենպրեսի արխիվը պահպանել է նրա այցի բազմաթիվ դրվագներ, այդ թվում՝ մայիսի 27-ին Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումը։ Սա արդեն երկկողմ հարաբերություններից ավելի լայն հարթակ էր։
Հայաստանի նախագահը փորձում էր կապ հաստատել ոչ միայն Եգիպտոսի իշխանությունների, այլև արաբական աշխարհի քաղաքական կենտրոններից մեկի հետ։
Առաջին նախագահին անհրաժեշտ էր ներկայություն ունենալ նաև այն քաղաքական միջավայրում, որտեղ ձևավորվում էր Մերձավոր Արևելքի օրակարգը։
ԼԻԲԱՆԱՆ
Այն երկիրը, որտեղ Սփյուռքը դարձավ պետական կապի կամուրջ:
Լիբանանի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունները հաստատվեցին 1992 թվականի մարտի 4-ին։
1994 թվականի հունիսին Բեյրութում բացվեց Հայաստանի դեսպանությունը։
Բեյրութը Հայաստանի համար առանձնահատուկ էր։
Այստեղ հայկական կյանքը միայն համայնքային կյանք չէր։ Այստեղ կային կուսակցություններ, եկեղեցիներ, դպրոցներ, մամուլ, մշակութային կազմակերպություններ, բարեգործական կառույցներ և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը։
Այսինքն՝ Լիբանանում գոյություն ուներ հայկական ամբողջական հասարակական միջավայր։
Եվ անկախ Հայաստանի համար այդ միջավայրի հետ պետական կապի ստեղծումը ռազմավարական նշանակություն ուներ։
1993 թվականի դեկտեմբերի 21-ին Բեյրութում ստորագրվեց Հայաստանի Գերագույն խորհրդի և Լիբանանի Ազգային ժողովի միջև համագործակցության համաձայնագիր։
Իսկ 1995 թվականի մայիսի 1-ին ստորագրվեցին մի շարք կարևոր փաստաթղթեր՝ առևտրատնտեսական, գիտատեխնիկական, ներդրումային, օդային և ավտոմոբիլային հաղորդակցության ոլորտներում։
Այսինքն՝ Լիբանանը Հայաստանի համար միաժամանակ դարձավ դիվանագիտական, տնտեսական, մշակութային և ազգային կապերի կենտրոն։
ՕՄԱՆ
Արաբական աշխարհի մասին խոսելիս շատ հաճախ մոռացվում է մի չափազանց կարևոր փաստ։
Օմանը Արաբական թերակղզու առաջին պետությունն էր, որը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հայաստանի հետ։
Դա տեղի ունեցավ 1992 թվականի հուլիսի 7-ին։ Հայաստանի ԱԳՆ-ն այսօր էլ հենց այդ փաստն է արձանագրում։
Այս հանգամանքը հատկապես ուշագրավ է։
Օմանը ոչ Սիրիան էր, ոչ Լիբանանը, ոչ Եգիպտոսը։
Բայց հենց այդ երկիրն առաջիններից մեկն էր, որ նորանկախ Հայաստանի հետ պաշտոնական հարաբերություն հաստատեց։
Այսպիսով՝ Տեր-Պետրոսյանի նախագահության առաջին տարիներին Հայաստանի արաբական ուղղությունը բացվում էր ոչ թե մեկ կենտրոնի, այլ մի քանի տարբեր աշխարհագրական ուղղություններով։
ՄԱՐՈԿԿՈ
ԱՖՐԻԿԱՅԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԴՈՒՌԸ
1992 թվականի հունիսի 26-ին Հայաստանը և Մարոկկոյի Թագավորությունը հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ։
Մարոկկոն Հայաստանի համար կարևոր էր նրանով, որ հարաբերությունների աշխարհագրությունը հասնում էր Հյուսիսային Աֆրիկա։
Այսինքն՝ Հայաստանի դիվանագիտությունը չէր սահմանափակվում Մերձավոր Արևելքով։ Նոր հանրապետությունը սկսում էր կապեր ստեղծել նաև արաբական աշխարհի արևմտյան հատվածի հետ։
ԱԼԺԻՐ
ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆԻՑ ԴԵՊԻ ՄԱՂՐԻԲ
Հայաստանը և Ալժիրը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին 1992 թվականի դեկտեմբերի 30-ին։
Ալժիրը ևս կարևոր էր իր աշխարհաքաղաքական դիրքով։
Հյուսիսային Աֆրիկայի ամենախոշոր պետություններից մեկը լինելով՝ այն Հայաստանի համար ևս մեկ նոր դիվանագիտական կապ էր Միջերկրական և արաբական աշխարհի հետ։ Եվ այստեղ կրկին տեսնում ենք նույն տրամաբանությունը․ Հայաստանը փորձում էր հնարավորինս լայնացնել իր միջազգային հարաբերությունների աշխարհագրությունը։
ՍՈՒԴԱՆ
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԵՎ ՆԵՂՈՍԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
1992 թվականի դեկտեմբերի 8-ին Հայաստանի և Սուդանի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։
Սա կարևոր է հատկապես այն պատճառով, որ Հայաստանի դիվանագիտական ներկայությունը սկսում էր ընդգրկել ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև արաբական Աֆրիկայի երկրները։
Այսպիսով՝ 1992 թվականի ընթացքում Հայաստանը կապեր հաստատեց արաբական աշխարհի մի քանի տարբեր հատվածների հետ՝ Մերձավոր Արևելքից մինչև Հյուսիսային և Արևելյան Աֆրիկա։
ԵՄԵՆ
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՐԱԲԻԱ
1995 թվականի մայիսի 26-ին Հայաստանի և Եմենի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։
Եմենի հետ հարաբերությունների հաստատումը ևս մեկ կարևոր քայլ էր դեպի Արաբական թերակղզի։
ՀՈՐԴԱՆԱՆ
1996․ ՆՈՐ ԱՐԱԲԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Հայաստանի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվեցին 1996 թվականի հունիսի 18-ին։
Այստեղ ուշագրավ է ևս մեկ բան։
Դեռ 1992 թվականի մարտին Հորդանան էր այցելել Հայաստանի արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ 1997 թվականի մարտին՝ արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը։
Այսինքն՝Լևոն Տեր-Պետորսյանի նախագահության ընթացքում հարաբերությունների հիմքը միայն մեկ ստորագրված փաստաթուղթ չէր։ Դրանք զարգանում էին նաև նախարարական մակարդակի շարունակական շփումներով։
ՔՈՒՎԵՅԹ
ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻ ՆՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի և Քուվեյթի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվեցին 1994 թվականի հուլիսի 8-ին։
Քուվեյթը փոքր պետություն էր տարածքով, բայց ուներ մեծ տնտեսական նշանակություն և ազդեցություն արաբական աշխարհում։ Այդ հարաբերությունների հաստատմամբ Հայաստանը ևս մեկ կապ էր ստեղծում Պարսից ծոցի երկրների հետ։
Եվ այստեղ արդեն տեսանելի էր արտաքին քաղաքականության մեկ այլ շերտ՝ Հայաստանը փորձում էր իր դիվանագիտական ներկայությունը հասցնել նաև արաբական ֆինանսատնտեսական կենտրոններին։
ԲԱՀՐԵՅՆ
ԵՎՍ ՄԵԿ ԿԱՊ ՊԱՐՍԻՑ ԾՈՑՈՒՄ
1996 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանը և Բահրեյնի Թագավորությունը հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ։
Այս փաստը հատկապես հետաքրքիր է Տեր-Պետրոսյանի նախագահության վերջին տարիների համատեքստում։ Հայաստանը արդեն ուներ հարաբերություններ Քուվեյթի և Օմանի հետ, իսկ Բահրեյնի հետ կապի հաստատումը լրացնում էր Պարսից ծոցի ուղղությունը։
Այսպիսով՝ Հայաստանի արտաքին քաղաքական քարտեզում աստիճանաբար հայտնվում էր նաև Ծոցի արաբական աշխարհը:
ՔԱԹԱՐ
1997․ ԵՎՍ ՄԵԿ ԲԱՑՎԱԾ ԴՈՒՌ
Հայաստանի և Քաթարի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվեցին 1997 թվականի նոյեմբերի 5-ին։ Սա Տեր-Պետրոսյանի նախագահության վերջին ամբողջական տարվա կարևոր դրվագներից էր։
Այսպիսով՝ նրա նախագահության ավարտին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ուներ արաբական աշխարհի մի շարք առանցքային պետությունների հետ՝ Լևանտից մինչև Հյուսիսային Աֆրիկա և Պարսից ծոց։
ՀԱԼԵՊԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԱՀԻՐԵ, ԲԵՅՐՈՒԹԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՍԿԱՏ
Եթե քարտեզի վրա նշենք Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին արաբական աշխարհի հետ ձևավորված հարաբերությունները, կստանանք մի ուշագրավ պատկեր.
Հալեպ, Դամասկոս, Բեյրութ, Կահիրե, Մասկատ, Ռաբաթ, Ալժիր, Խարտում, Սանա, Ամման, Քուվեյթ, Մանամա, Դոհա։
Սրանք պարզապես քաղաքների անուններ չեն։
Դրանք Հայաստանի Հանրապետության՝ աշխարհի տարբեր հատվածներում բացված դիվանագիտական դռներն էին։
Եվ ամենակարևորը՝ այդ գործընթացի մեծ մասը տեղի էր ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը գտնվում էր պատերազմի, շրջափակման, էներգետիկ ճգնաժամի և տնտեսական ծանր վիճակի մեջ։
Այսինքն՝ արտաքին քաղաքականությունը չէր կառուցվում հարմարավետ պայմաններում։
Այն կառուցվում էր ճգնաժամի պայմաններում։
Այս ամբողջ պատկերը մեկ նախադասությամբ նկարագրելիս կարելի է ասել․ Տեր-Պետրոսյանը փորձում էր անկախ Հայաստանը վերադարձնել այն աշխարհագրական տարածքը, որտեղ դարերով գոյություն ուներ հայկական ներկայություն։
Բայց նա դա չէր անում միայն պատմական հիշողության միջոցով։
Նա դա անում էր պետական փաստաթղթերով, դիվանագիտական հարաբերություններով, դեսպանություններով, հյուպատոսություններով ,պետական այցերով, միջկառավարական կապերով,տնտեսական համաձայնագրերով,մշակութային համագործակցությամբ։ Եվ, իհարկե, Սփյուռքի հետ նոր հարաբերությունների ձևավորմամբ։
Նա հասկանում էր, որ անկախ Հայաստանի համար Սփյուռքը կարող է լինել ոչ միայն զգացմունքային կապ, այլև աշխարհի հետ կապող հսկայական ներուժ։
Եվ այդ ներուժը պետք էր վերածել պետական կապերի։
ՀԱԿ վարչության անդամ
Թելման Պետրոսյան
Շարունակելի
Լուսանկարում՝ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարակը: Կահիրե:


