Թելման Պետրոսյան. ՆԱԽԱԳԱՀԸ (մաս 21)
Սկիզբը՝ այստեղ
ՆԱԽԱԳԱՀԸ
ՄԱՍ XXI. Դիվանագիտական կապերի փիլիսոփայությունը
Առաջին նախագահի արտաքին քաղաքականությունը պարզապես տարբեր պետությունների հետ հարաբերություններ հաստատելու գործընթաց չէր։ Դրա հիմքում ավելի խորքային գաղափար կար՝ պետության գոյատևման փիլիսոփայությունը։
Մեծ պետությունները հաճախ կարող են իրենց թույլ տալ ապրել ուժի հաշվին։
Փոքր պետությունները ստիպված են ապրել խելքի, հաշվարկի և բազմակողմ կապերի միջոցով։
Հայաստանը չուներ ելք դեպի ծով , գտնվում էր շրջափակման պայմաններում, նոր էր դուրս եկել Խորհրդային Միության կազմից և պատերազմում էր։ Այս իրավիճակում արտաքին քաղաքականությունը դառնում էր ոչ թե երկրորդական ոլորտ, այլ պետական անվտանգության կարևորագույն բաղադրիչ։
Առաջին նախագահի մտածողության հիմքում, կարծես, մի պարզ ճշմարտություն կար․
որքան շատ է պետության կապը աշխարհի հետ, այնքան դժվար է նրան մեկուսացնել։
Դիվանագիտությունը նրա համար միայն պաշտոնական հանդիպումներ կամ արձանագրություններ չէին։
Դիվանագիտությունը ճանապարհ էր։
Տնտեսական հնարավորություն էր։
Անվտանգության լրացուցիչ համակարգ էր։
Ժամանակ շահելու միջոց էր։
Պետության ինքնիշխանությունը պահպանելու գործիք էր։
Փոքր պետության համար ամենամեծ վտանգը մեկ կենտրոնից կախված դառնալն է։
Ուստի Հայաստանի արտաքին քաղաքականության իմաստը ոչ թե աշխարհը «մերոնց» և «ուրիշների» բաժանելն էր, այլ հնարավորինս շատ ուղղություններով հարաբերություններ կառուցելը։
Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ, Իրան, Վրաստան, արաբական աշխարհ, Ասիա, հեռավոր պետություններ․ այս ամենը առանձին կապեր չէին։
Դրանք միասին ստեղծում էին Հայաստանի արտաքին անվտանգության անտեսանելի ցանցը։
Այս տրամաբանությամբ դիվանագիտությունը վերածվում է ազգային ուժի։
Որովհետև պետության իրական հզորությունը միայն բանակի կամ տնտեսության մեջ չէ։
Այն նաև ընտրության հնարավորության մեջ է։
Եթե պետությունն ունի մեկ ճանապարհ, նրա ինքնուրույնությունը խիստ սահմանափակ է
Եթե ունի բազմաթիվ ճանապարհներ, նա ավելի ազատ է։
Այս իմաստով Առաջին նախագահի արտաքին քաղաքականության գլխավոր գաղափարը կարելի է ձևակերպել մեկ նախադասությամբ․
Հայաստանը պետք է ոչ թե պատկաներ որևէ մեկ բևեռի, այլ ունենար սեփական տեղը աշխարհի տարբեր բևեռների միջև։
Սա պարզապես դիվանագիտություն չէր։
Սա փոքր պետության գոյատևման, ինքնիշխանության և պատմական շարունակականությունն ապահովելու փիլիսոփայություն էր։
ՀԱԿ վարչության անդամ
Թելման Պետրոսյան


