ՊՆ. Թշնամին կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա (լրացված)
Ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ինչպես արդեն հաղորդվել էր, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։
Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։
Նշենք, որ պաշտոնական Բաքուն հայտնում է հայ զինվորների գերեվարման մասին։
Լրացված
Ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։
Ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։
Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները, համարժեք գործողություններով, հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։ Մարտերը շարունակվում են, դրանց ինտենսիվությունը չի թուլացել։
Լրացված.
Հայկական կողմը կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։
ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։
Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Լրացված.
Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։