ՌԴ ԱԳՆ. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը պայմանավորվածությունների խախտում է (տեսանյութ)
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մուտքի արգելափակումը խախտում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության դրույթները: Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մուտքը փակելու կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ նման գործողությունները Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների խախտում են։ Նման քայլերը հանգեցնում են լարվածության սրման, չեն նպաստում Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ նորմալ մթնոլորտի պահպանմանը։ Բաքվին կոչ ենք անում ամբողջ ծավալով ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթևեկությունը», - ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։
ԱԳՆ ներկայացուցչի խոսքով` ռուսական կողմը հույս ունի, որ Երևանը հետ չի կանգնի եռակողմ ձևաչափերով փոխգործակցությունից:
«Նրանց գործունեության դադարը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի իրադրության վրա եւ էսկալացիայի հանգեցնում «գետնի վրա»։ Կարևորում ենք գլխադասային հանձնաժողովի շրջանակներում հայ-ադրբեջանական սահմանազատման ռիթմիկ աշխատանքը։ Պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն», - ընդգծել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ։
Նշենք, որ Ադրբեջանը բետոնե արգելապատնեշ է տեղադրել Լաչինի միջանցքում ու փակել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Փաստորեն, ի լրումն ապօրինի անցակետի և զրահամեքենաների միջոցով ճանապարհի արգելափակման՝ Ադրբեջանն այժմ ցուցադրական կերպով փակում է ճանապարհը՝ բացառելով ցանկացած տեղաշարժ, այդ թվում՝ Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից», - ասված է հաղորդագրության մեջ:
Արցախն արդեն մեկ շաբաթից ավելի է՝ ամբողջական շրջափակման մեջ է, սննդի, դեղորայքի մատակարարումները դադարեցված են, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ստեփանակերտից չի կարողանում Երևան տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին։