ՌԴ ՊՆ-ն հերքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
Տեղեկատվությունը, որ կողմերից մեկը Լեռնային Ղարաբաղում շրջափակել է ռուս խաղաղապահ ստորաբաժանումներին, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, հաղորդում է РИА Новости-ին:
«Տեղեկատվությունը, որ, իբրեւ, կողմերից մեկը Լեռնային Ղարաբաղում շրջափակել է ռուս խաղաղապահ ստորաբաժանումներին, իրականությանը չի համապատասխանում»,-նշել են ռազմական գերատեսչությունում:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարություն է արել` նշելով, որ Հին Թաղերում և Խծաբերդում հայ զինվորականներից բացի նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ:
«Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ: Կապի խնդիր կա, որովհետև տեղանքի բերումով, նաև իրադարձությունների բերումով հաղորդակցության որոշակի խնդիրներ կան, ընդորում՝ այդ խնդիրներն ունեն նաև ռուս խաղաղապահները, և այնտեղ որոշակի ճգնաժամային իրավիճակ ունենք մենք»,–ասել է Փաշինյանը: