Ռուս պատգամավորներն ինքնակազմակերպված են Ադրբեջան մեկնել
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ ի պատասխան հայ լրագրողի հարցին, հայտարարել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն ռուս պատգամավորների Բաքու այցի կազմակերպիչը չէ, և հավելել է, որ «ռուս պատգամավորները ինքնակազմակերպվել են Ադրբեջան մեկնելու համար»։
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Բաքվում երթ է տեղի ունեցել, որը նվիրվել է Խաջալուի իրադարձություններին։ Աայ ակցիային մասնակցել են նաև ռուս պատգամավորներ Օքսանա Պուշկինան, Դմիտրի Սավելևն ու նախկին գեղասահորդ Իրինա Ռոդնինան։ Մոսկվայում Դաշնային խորհրդի նիստում ելույթ ունենալու ժամանակ միջոցառմանը ռուս պատգամավորների մասնակցության վերաբերյալ դժգոհություն էին հայտնել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն ու ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը։
«Արցախյան հակամարտությունը բազմաթիվ անմեղ մարդկանց` և՛ ադրբեջանցիների, և՛ հայերի մահ և տառապանք պատճառեց։ Ռուսաստանը միշտ այն մեծ ողբերգություն է համարել և շարունակում է համարել»- ասել է Զախարովան և վերահաստատել այդ դիրքորոշումը։
«Ռուսաստանը միշտ շահագրգռված է արցախյան հակամարտության կարգավորման հարցում։ Մեր երկիրը մեծ ջանքեր է գործադրում այդ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու հարցում։ Մենք հետագայում ևս դրան առաջնահերթ ուշադրություն ենք դարձնելու»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։