Ստեփանակերտում և Արցախի մի քանի քաղաքներում կարանտին է սահմանվել
Ստեփանակերտում և Արցախի մի շարք քաղաքային համայնքներում կարանտին կսահմանվի։ Տեղեկությունը հայտնում է Արցախի անվտանգության խորհուրդը:
«Նոյեմբերի 1-ին Հանրապետության նախագահի մոտ անց էր կացվել խորհրդակցություն՝ նվիրված Հանրապետությունում տիրող համաճարակաբանական վիճակին։
Համաձայն Հանրապետության նախագահի հանձնարարականի, նոյեմբերի 3-ին, շահագրգիռ պետական և համայնքային կառույցների ղեկավարների ներգրավմամբ, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի (COVID-19) մասշտաբների տարածման փաստով ձեռնարկվող կարանտինային միջոցառումների իրականացման հարցերին։
Խորհրդակցությանը զեկուցմամբ հանդես է եկել առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։ Նրա տվյալներով՝ վերջին ամսվա ընթացքում Հանրապետությունում շեշտակի մեծանում է համավարակի տարածումը, որը կանխելու համար անհրաժեշտ է ձեռնարկել իրավիճակից բխող ընդգրկուն և շտապ միջոցներ։
Ըստ այդմ, խորհրդակցությանը ներկայացվել են քաղաքային համայնքների ղեկավարների որոշումների նախագծեր, որոնց համաձայն՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ի ժամը 22։00-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ, Ստեփանակերտում և Հանրապետության մի շարք քաղաքային համայնքներում սահմանվում է կարանտին։ Նախագծերով ներկայացվել են նաև կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները»,–նշված է հաղորդագրության մեջ։